Հումբատովի նամակը հետաքրքիր կերպ ստվերվեց լրատվական աղջամուղջում. Ռոզի Միքայելյան

Հումբատովի նամակը հետաքրքիր կերպ ստվերվեց լրատվական աղջամուղջում. Ռոզի Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Օրեր առաջ թալիշ հասարակական գործիչ, 1993թ. ստեղծված և կարճ կյանք ունեցած Թալիշ-մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Հումբատովը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբին, Ադրբեջանի հանրապետության նախագահի և Հայաստանի հանրապետության վարչապետի աշխատակազմերին:

Թեմայի շուրջ Times.am-ը զրուցեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանի հետ. «Ինչ խոսք հետաքրքիր կերպ ստվերվեց նամակը լրատվական աղջամուղջում: Նախ նշեմ, որ իր նամակում Հումբատովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել երկրի տեղաբնիկ ժողովուրդների իրավունքները և դադարեցնել բռնաճնշումները նրանց նկատմամբ»:

Մեր այն հարցին թե որքանով է այն առնչվում Արցախին և Արցախյան հակամարտությանը Միքայելյանն ասաց. «Ընդհանուր առմամբ պետք է հասկանալ Հումբատովի այս նամակի տողատակերը: Նամակում լայն անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը բավական հետաքրքիր համատեքստում: Նա հայտարարում է, որ Ադրբեջանի բռնապետական վարչակարգի գոյության, ինչպես նաև տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ բռնաճնշումների ֆոնին Արցախը միանշանակ չի համաձայնվի ընդգրկվել Ադրբեջանի կազմում: Այնուամենայնիվ, նա պետք է որ վաղուց գիտակցեր մի պարզ ճշմարտություն, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող այլևս Ադրբեջանի մաս կազմել, և պատճառը միայն Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի առկայությունը չէ:

Իսկ եթե մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանում ոչ թե բռնատիրական այլ ժողովրդավարական միջավայր է ձևավորված, ապա ընթացքն էլ այլ կլիներ. առնվազն չէին լինի զոհեր, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառում և այլն: Եթե խոսում ենք թե ինչ կլիներ եթե բռնապետական ճանապարհով ղեկավարվող այս արհեստական պետական կազմավորումը լիներ ոչ բռնատիրական երկիր, ապա շատ տրամաբանական կլիներ, որ այն չէր էլ փորձի հաշվի չնստել Արցախի ինքնորոշման իրավունքի հետ»,- ասաց Միքայելյանը, հավելելով, որ Հումբատովը նաև պետք է գիտակցի. «ենթադրությունների վրա ազգերի ճակատագրեր չեն որոշվում»: 

Վերլուծաբանի խոսքով. «Այս պարզ ճշմարտության գիտակցումը պետք է լինի նաև մեզանում:

Իհարկե գովելի է այն փաստը, որ Հումբատովը կոչ է անում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը բանտից բաց թողնել թալիշ նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ Ֆախրադդին Աբոսզոդային: Բայց պետք չէ ունենալ որևէ պատրանք, թե Ադրբեջանի պարագայում մոտ ապագայում կարելի է ակնկալել էական փոփոխություններ»,- ամփոփել է Միքայելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում