Արթուր Վանեցյանը հանձնարարել է հետաքննություն իրականացնել էներգահամակարգի խափանման հարցով

Արթուր Վանեցյանը հանձնարարել է հետաքննություն իրականացնել էներգահամակարգի խափանման հարցով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հանձնարարել է՝ նյութեր նախապատրաստել հուլիսի 10-ին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների մասով, որպեսզի պարզեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները:

Կառավարության այսօրվա նիստում Արթուր Վանեցյանը հայտնեց, որ թեև նախնական տվյալներ կան, բայց կարծում է, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ:

«Արդյունքների մասին կզեկուցեմ»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նշեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ևս ծառայողական քննություն է նշանակել՝ պատճառները հասկանալու համար:

Նա նաև նշեց, որ հուլիսի 10-ին, ժամը 20:00-ին էներգահամակարգի գոծունեությունը հանրապետությունում վերականգնվել էր:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանի ու Վրաստանի մեր գործընկերներին, որոնք օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատև կոլապսի առաջ կկանգներ: Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչը կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ կա արտաքին երկու վարկած, իսկ ներքին վարկածներ չկան:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ և մի քանի օրվա ընթացքում պատճառները պարզ կլինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում