Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել

Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ստացել են «Նաիրի» բժկական կենտրոնից տեղեկանք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է ստացինոր բուժման մեջ, չի կարող մասնակցել նիստին՝ ելնելով առողջական վիճակից։ Նա նշեց, որ ամբաստանյալի բացակայության պարագայում դատական նիստը չեն կարող շարունակել, ենթակա է հետաձգման։ Մինչ այդ տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու պահանջի մասին։

Լ. Բաղդասարյանն ասաց, որ Մ. Գրիգորյանի վիճակի վատթարացում է գրանցվել, ինչը արձանագրել է նաև ձևավորված բժշկական հատուկ հանձնաժողովը։

«Կամ անձը պետք է տեղափոխվի արտերկիր՝ լուրջ բուժում ստանա կամ նրա խափանման միջոցը պետք է փոխվի, տնային պայմաններում դեղամիջոցներով առողջությունը կարգի բերվի։ Անձի առողջությունը պետք է լինի այն աստիճանի, որ կարողանա գալ և մասնակցել դատական նիստին։ Հիվանդանոցային պայմաններում ամենալուրջ բժշկական հանձնաժողովն ու բժիշկները փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, ունի հիվանդությունների բացասական դինամիկա։ Միջնորդում եմ դատարանին՝ քննարկել ներկայացված միջնորդությունը և անհապաղ ազատել Մանվել Գրիգորյանին կալանքից»,– ասաց նա։

Լ. Բաղդասարյանը նաև առաջարկեց որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել գրավ մինչև 10 միլիոն դրամի չափով։

Մեղադրող դատախազները ժամանակ խնդրեցին միջնորդությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտելու համար։ Նիստը կշարունակվի 15 րոպեից։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում