Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել

Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից:

«Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու պաշտոնում վստահելու համար և միաժամանակ վստահեցնում եմ, որ կուսակցական, քաղաքական աշխատանքում ևս իմ ուժերն անվերապահորեն նվիրելու եմ համազգային խնդիրների լուծմանը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին` համատեղ աշխատանքի համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում օրենքի գերակայության ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը միտված նրանց հետագա աշխատանքում»,-

Ասված է դատախազության տարածած հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում