Քըլըչդարօղլուն հույս ունի խորհրդարանական առաջին իսկ ընտրություններով իշխանության գալ

Քըլըչդարօղլուն հույս ունի խորհրդարանական առաջին իսկ ընտրություններով իշխանության գալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հաղթած՝ Թուրքիայի Հանրապետա-ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է, որ իրենք աշխատելու են իշխանության հասնելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Demokrathaber»-ը, Քըլըչդարօղլուն հայտնել է, որ Ստամբուլում հաղթել է «սիրո լեզուն»:

«Այս հաղթանակից հետո սկսվում է ավելի դժվար շրջան, և մենք պարտավոր ենք հաջողությամբ հաղթահարել այն: Հակառակ դեպքում՝ ժողովրդի կողմից մեզ տրված այս շանսը մենք մեր ձեռքից բաց կթողնենք», – նշել է նա:

Խոսելով իրենց առաջիկա նպատակների մասին՝ Քըլըչդարօղլուն հայտարարել է. «Մեզ ձայն են տվել ոչ միայն ՀԺԿ-ի ընտրողները, այլ նաև քուրդ, պահպանողական ընտրողները, ԱԶԿ-ի և այլ կուսակցությունների ընտրողները: Այս բոլոր ընտրողների սպասելիքները մենք պարտավոր ենք արդարացնել: Իշխանության հասնելու ուղղությամբ ենք աշխատելու: Մեր հիմնական նպատակն է ստեղծել ավելի հզոր խորհրդարանական համակարգ: Այսուհետ ոչ մի ընտրություն տանուլ չենք տալու: Խորհրդարանական առաջին իսկ ընտրություններով իշխանության ենք գալու»,- եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում