Հայ մարզիկները Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը նվաճեցին 4 ոսկե և 1 արծաթե մեդալ

Հայ մարզիկները Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը նվաճեցին 4 ոսկե և 1 արծաթե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ավարտվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Մրցումային վերջին` 10-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչներ ունեցավ 3 մարզաձևում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ և սպորտային մարմնամարզություն: Հայ մարզիկները պատվով հանդես եկան և նվաճեցին 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եզրափակչում մենամարտեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովիի հետ, հաղթեց 4-1 հաշվով՝ հռչակվելով Եվրոպական խաղերի չեմպիոն։ Արթուր Հովհաննիսյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից՝ 5-0 հաշվով առավելության հասնելով բելառուս Եվգենի Կարմիլչուկի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հովհաննիսյանը 4-1 հաշվով հաղթել էր ռումինացի Կոսմին Գիրլեանուին, իսկ կիսաեզրափակչում 3-2 հաշվով պարտության էր մատնել իռլանդացի Ռեգան Դալիին։

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) նույնպես դարձավ խաղերի չեմպիոն: Եզրափակչում հայ բռնցքամարտիկը 3-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ումիհա Սոֆիանին: Բաչկովը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով առավելության էր հասել իռլանդացի Մաքջիվերն Ջեյմսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում նույն՝ 5։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսին: Կիսաեզրափակչում 4։1 հաշվով հաղթել էր Հոլանդիայի ներկայացուցիչ Էնրիկո Լակրուզին:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Հայ մարզիկը վստահ հաղթանակ տոնեց 5-0 հաշվով: Ալեքսանյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակչում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը 3-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ։ Կիսաեզրափակչում հայ մարզիկի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինն էր, որին հաղթել էր 3-1 հաշվով։

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության առանձին վարժություններից հենացատկի եզրափակչում, որում մեր մարզիկը գրանցեց 15.016 արդյունք: Այսօր ավելի վաղ Դավթյանն արդեն մասնակցել էր ազատ վարժության եզրափակչին։ Գրանցելով 13.466 արդյունք՝ նա զբաղեցրել էր վերջին՝ 6-րդ հորիզոնականը։

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն օղակներ վարժության եզրափակչում դարձավ արծաթե մեդալակիր՝ գրանցելով 14.766 արդյունք: Այս վարժության որակավորման փուլը Վահագն Դավթյանը հաղթահարել էր 14․500 արդյունքով։

Սյսօր մրցահարթակ դուրս եկած հայ մարզիկներից մեդալային պայքարին չկարողացավ միջամտել միայն հունահռոմեական ոճի 87 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, որը սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց 3-3 հաշվով: Մրցակիցը Լեհաստանի ներկայացուցիչ Արկադիուս Կուլինիչն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում