Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դեռևս չի ստացել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան։

«Դատարանի որոշումն ուղարկվում է փոստով։ Ուրբաթ օրվա վերջում փաստաբանները դատարանից չեն ստացել տեղեկատվություն որոշման պատրաստ լինելու մասին, չնայած տեղեկացրել են, որ պատրաստ են այն առձեռն ստանալ դատարանում», – նշեց Է․ Սահակովան։

Միաժամանակ Սահակովան տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը փաստաբանները ստացել են այն հրապարակելու
հաջորդ օրը՝ հունիսի 26-ին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանմամ միջոց կիրառել կալանավորումը։

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում