Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը ԵԱՀԿ-ն համարել է մարդասիրական քայլ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը ԵԱՀԿ-ն համարել է մարդասիրական քայլ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շեֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկը:

Համանախագահները Լայչակին ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում ապրիլի 15-ին և Վաշինգտոնում հունիսի 20-ին տեղի ունենցած հանդիպումների արդյունքները:

Նրանք նաև տեղեկացրել են հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված առաջընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանտարկյալների փոխանակման մասին:

Լայչակն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Անդրադառնալով քաղաքացիների փոխանակման գործընթացին՝ ԵԱՀԿ գործող նախագահն ողջունել է այդ մարդասիրական քայլը, որը ցույց է տալիս, թե ինչպես երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների հակամարտությունից տուժած մարդկանց համար:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրել է 2019 թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:

Հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվել է Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին: Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի։

Նույն օրը Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

Նշենք, որ Ադրբեջանում շարունակում են մնալ Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը և Կարեն Ղազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում