ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար

ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար

ԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկել է Ռուսաստանին վերադարձնել իր իրավունքները, սակայն մի շարք պայմաններով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսօր օրվա երկրորդ կեսին քննարկվելիք զեկույցի նախագծում ասվում է, որ «ռուսական պատվիրակությունը պետք է առանց որևէ հետաձգման վերադառնա Վեհաժողովի մոնիտորինգային կոմիտեի և մյուս բոլոր հանձնաժողովների հետ համագործակցության ու ստանձնի իր պարտավորությունների կատարման վերաբերյալ կառուցողական երկխոսություն»:

Պայմանների թվում են նաև Ուկրաինայի 24 նավաստիների ազատումը և Եվրոպայի խորհրդի բյուջեով նախատեսված բոլոր վճարումների անմիջական կատարումը:

Նախագծում, որի վերաբերյալ կարող են ներկայացվել նաև փոփոխություններ, ասվում է, որ «միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ Վեհաժողովը մշտապես հավատարիմ է երկխոսությանը` որպես կայուն լուծումների հասնելու միջոց»:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի զեկույցի ընդունումը հնարավորություն տվեց ՌԴ պատվիրակներին մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին, սակայն հունիսի 25-ին, երբ Վեհաժողովում պետք է հաստատվեին ՌԴ պատվիրակության մանդատները, ուկրաինացի, վրացի և մի քանի այլ պատգամավորներ վիճարկեցին մանդատների հաստատումը։ Ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, այս դեպքում արդեն հարցն ուղարկվում է Մոնիտորինգի հանձնաժողով՝ զեկույցի պատրաստման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում