Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից

Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Վրացական Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին Երևանով դեպի Մոսկվա թռչելու տրանզիտային չվերթ է առաջարկել, հայտնում է sputnik-georgia.ru-ն:

Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին:

«Ստեղծված իրավիճակում Georgian Airways-ն իր ուղևորներին Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտային չվերթներ է առաջարկում»,- ասվում է վրացական ավիափոխադրողի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի շուրջ ծագած սանդալի ֆոնին: Վրացիներին զայրացրել էր այն փաստը, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նիստը նախագահող պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով: Ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:

ՌԴ իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել մինչ հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով:

Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում