Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական բանաձև է ներկայացվել

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական բանաձև է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Հունիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, մյուս համանախագահներ Ջեքի Սփիրի, Ադամ Շիֆի, Գաս Բիլիրաքիսի և Փիթեր Քինգի հետ համատեղ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես:

Բանաձևում նշվում է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչպես նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմավարական գործընկերության զարգացման, ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության, օգնությունից առևտուր ձևաչափով համագործակցության և ՀՀ ժողովրդավարացման հարցերում ԱՄՆ աջակցության վերաբերյալ:

Բանաձևում նշվում է նաև ԵԱՀԿ ՄԽ գործընթացում ՀՀ շարունակական կառուցողական դերի, ինչպես նաև հիշատակվում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից 1994թ. ստորագրված հրադադարի մասին:

Համաձայն բանաձևի` ԱՄՆ Կոնգրեսը նշում է ԱՄՆ-Հայաստան շուրջ հարյուրամյա հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև հարատև բարեկամությունն ու կառավարությունների միջև ամուր կապերը, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներդրումը Միացյալ Նահանգների զարգացմանը:

Կոնգրեսը նաև շնորհավորում է Հայաստանի ժողովրդին խաղաղ և սահմանադրական ուղիով իշխանափոխության իրականացման, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերին կայացած ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ:

Բանաձևը Հայաստանին ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կոչ է անում` միտված ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական խորհրդատվությունների անցկացման միջոցով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում