Իրավիճակը լարված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում

Իրավիճակը լարված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի քննությունը։ Նիստին կրկին չի ներկայացել Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ կայացած դատական նիստի ընթացքում վերաքննիչ բողոքների հիմքերը ներկայացրեցին մեղադրանքի կողմը, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, դիրքորոշումներ հայտնեցին նաև տուժողների իրավահաջորդները։ Այսօրվա նիստում բողոքների վերաբերյալ ելույթներով հանդես պետք է գա պաշտպանական կողմը։

Նիստի սկզբում նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատարան է մուտք եղել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի կողմից միջնորդություն գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Ելույթների համար ձայնը տվեց պաշտպանական կողմին։

Ս. Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նախ կրկին ցավակցեց «Մարտի 1»-ի զոհերի տուժողների իրավահաջորդներին, այնուհետև ասաց. «Վերաքննիչ դատարանը քննարկելով բողոքները և բավարելով դրանք՝ իրավասու է արդյո՞ք կայացել օրենսգրքի 292 հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը՝ այն է առաջին ատյանի դատարանի դատավորրի փոխարեն որոշում կայացնել գործով դատական քննության նշանակելու մասին, կամ քրեական գործի վարույթը կարճելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու, կամ գործը մեղադրողին վերադարձնելու, կամ ինքնաբացարկի մասին։ Դատարանը եթե բողոքները բավարարի, սրանցից մեկը պետք է կայացնի։ Պնդում եմ, որ Վերաքննիչ դատարանը նման լիազորություն և իրավասություն չունի, և չունելով վերը նշված որոշումներից որևէ մեկը կայացնելու լիազորություն և իրավասություն, չունի նաև դրանց ուղղված բողոքները քննելու լիազորություն։

Ինչևէ, եթե Վերաքննիչ դատարանը գտնում է, որ իրավասու է քննելու ՍԴ դիմելու և այդ հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքները և այդ բողոքները բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանի փոխարեն կայացնելու օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը, գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է բողոքները մերժի, իսկ չմերժելու և նոր դատական ակտ կայացնելու դեպքում, գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մասով կարճելու և իմ պաշտպանյալ Սերյան Օհանյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»։

Նա նշեց, որ առկա է եղել ՍԴ դիմելու հիմք, ուստի և դատարանի պարտականությունն էր դիմել ՍԴ։

Մեժլումյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճից պարբերաբար մի կին խոսում էր։ Դատավորը մի քանի անգամ զգուշացրեց կնոջը, որպեսզի լռի, այլապես դուրս կհրավիրի նիստերի դահլիճից։ Այնուհետև կարգադրեց կարգադրիչներին դուրս հրավիրել նրան։ Սակայն տիկինը դուրս չէր գալիս։ Դատավորը ևս մեկ հնարավորություն տվեց, բայց կինը շարունակում էր խոսել ու բղավել։

Դատավորը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում