Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը

Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության դատական նիստում մեղադրող կողմ` դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատարանին ներկայացրեց առաջին բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի կալանքը փոխելու և անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ապա նաև քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների բողոքի քննությունը:

«Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարույթի ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական շրջանակին ծանոթ լինելու պայմաններում առավել բարձր է այդ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելը և արդարադատության իրականացումը խոչընդոտելու ռիսկը»,– նշեց Պետրոսյանը:

Ըստ նրա` արդարադատությանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները գործուն երաշխիք չեն կարող համարվել:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրինական, պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ: Ուստի դատարանին խնդրում եմ բեկանել և կայացնել նոր դատական ակտ, ինչպես նաև կիրառել խափան միջոց կալանավորումը»,- եզրափակեց Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում