Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի

Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Իրանը պատերազմ չի մղում ոչ մի ազգի դեմ, բայց պատրաստ է դիմակայել այլ պետությունների թշնամական գործողություններին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Թեհրանի իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում նոր թերմինալի բացման արարողությանը:

«Մենք պատերազմ չենք մղում ոչ մի ժողովրդի դեմ: Վերջ ի վերջո հաղթողը լինելու է Իրանի ժողովուրդը, որովհետև մեր ընդդիմախոսներն ազգ չեն: Դա ոչ փորձառու քաղաքական գործիչների խումբ է, չինովնիկների խումբ, այլ ոչ թե ամբողջ երկիր:

Մինչդեռ ամբողջ իրանական ազգն է ներգրավված պայքարում», – Ռոհանիի խոսքը մեջբերել է «Mehr» գործակալությունը:

Նախագահը նշել է, որ մի շարք երկրների ներկայիս հակաիրանական քաղաքականության նպատակն իրանցիների «հույսերը խորտակելն է և կամքը կոտրելը»:

«Նրանք դավեր են նյութում, բայց մեր ազգը չի կորցնի արժանապատվությունը: Մենք ցանկանում ենք խափանել մեր հակառակորդի չար մտադրությունները: Մենք տեսնում ենք, որ մեզ վրա գործադրող ճնշումն ուժեղացել է, բայց դրան մեր հակազդումն էլ է ուժգնացել», – ասել է Իրանի նախագահը:

Նա նաև ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ, չնայած պատժամիջոցներին, Իրանը խնդիրներ չունի օդանավակայաններն ու ինքնաթիռներն անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ պահեստամասերով ապահովելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում