Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Հաշվի առնելով Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությունը և հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը Հայաստանի համար պետք է մտահոգիչ լինի։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ անդրադառնալով պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին Վրաստանի հնարավոր մասնակցության թեմային։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Վրաստանին արված այս առաջարկը պետք է մտածելու տեղիք տա պաշտոնական Երևանին՝ առ այն, որ երեք պետությունների միջև ծավալվող ցանկացած համագործակցություն՝ կլինի երկկողմ, թե եռակողմ, կարող է պոտենցիալ վտանգներ պարունակել։

«Նշված երեք երկրներից երկուսի հետ Հայաստանը որևէ կարգի հարաբերություն չունի, և նրանց միջև ռազմական ոլորտի համագործակցությունը պետք է հայկական կողմի ուշադրության կենտրոնում լինի։ Եթե դիտարկելու լինենք հայ-վրացական՝ բավական բարձր մակարդակի հարաբերությունները, իհարկե պետք չէ շատ կոշտ հայտարարություններով հանդես գալ։

Արձագանքները պետք է լինեն դիվանագիտական և քաղաքական երկխոսության միջոցով, որովհետև որքան էլ նշում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները բաձր մակարդակի վրա են, միևնույն ժամանակ առկա են մի շարք նուրբ խնդիրներ», – ասաց Ալիկ Էրոյանցը։

Վրացագետի համոզմամբ՝ Հայաստանի արձագանքն այնքան կտրուկ չպետք է լինի, որ ընկալվի որպես Վրաստանի ներքին և արտաքին հարաբերություններին միջամտելու փորձ, այլապես Վրաստանն իր հերթին կարող է խնդիր տեսնել հայ-ռուսական սերտ հարաբերություններում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գաբալայում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների թվով 7-րդ հանդիպման ընթացքում Վրաստանին առաջարկ էր արվել մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ Վրաստանը համաձայնել էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում