Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին

Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Դատախազությունը մի փոքր շփոթել է, թվացել է, թե պարոն Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող դատավորի դռնից է ներս մտել»,– Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստից հետո լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով նիստի ընթացքում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե արդեն երկրորդ դատական նիստին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերի դահլիճ է մտնում դատարանի փակ մուտքից։

Հայկ Ալումյանը մանրամասնեց. «Իրականում պարոն Քոչարյանն այդտեղից ներս չի մտել, այլ դռնից, իսկ դահլիճ մտել է նույն դռնով, ինչ մենք բոլորս։ Ուղղակի ինքը փողոց դուրս չի գալիս նույն դռնով, ինչ մենք բոլորս։ Այդ առումով դատախազությունը թող մտավախություն չունենա»։

Փաստաբանն ասաց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եղել է ազատության մեջ և ինքն է եկել դատարան, դատարան է մտել այն ճանապարհով, որ ճանապարհով անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը։

«Ինքն այն պաշտոնատար անձանցից մեկն է՝ նախկին նախագահը, որի վրա տարածվում են օրենքի մի շարք դրույթներ, օրինակ՝ ինչպես պետք է կազմակերպվի իր անվտանգությունը, ինչպես մուտք գործի կամ դուրս գա որոշակի պաշտոնական միջոցառումներին, որոշում է իր անվտանգության ծառայությունը, ոչ թե միայն նրա համար, որովհետև այստեղ ցույց է, առհասարակ իրենք կանոններ ունեն՝ ոնց ուղեկցեն, որտեղով ներս մտնեն որևէ տարածք, ինչպես դուրս գան»։

Հարցին, թե առաջին ատյանի դատարանում ՀՀ գլխավոր դատախազն էր մուտք գործել դատավորի մուտքից, այդ ժամանակ դուք միջնորդությամբ հանդես եկաք, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Դատախազն ու հանրապետության նախկին նախագահը նույն մակարդակի վրա չեն կարող լինել, նույն կանոնները չեն տարածվում դատախազի վրա, որոնք տարածվում են պաշտոնաթող նախագահ վրա»։

Պատասխանելով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությանը և այն հարցին, թե դիմել էիք, որպեսզի ձեզ տրամադրվի վերաքննիչ դատարանում բողոքները վարույթ ընդունելու մասին տեղեկատվություն, մասնավորապես ի՞նչ ընթացակարգով են երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել նույն դատավորին, արդյո՞ք ձեզ բավարարել են տրված տվյալները, Ռ. Քոչարյանի պաշտպանն ասաց. «Մեզ չտրամադրվեց համակարգչի հիշողությունից այդ հատվածը, տրամադրվեց մի էջ էլեկտրոնային ձևով, որտեղ արդեն փաստված է, որ խափանման միջոցի հետ կապված հարցը մակագրված է Արմեն Դանիելյանին։ Թե ինչպես է եկել ու հասնել պարոն Դանիելյանին, մենք համակարգի հիշողությունից համապատասխան տվյալներ էինք ուզել, մեզ չտրամադրվեց, առավել ևս չտրամադրվեց, թե ինչպես է երկու դատական ակտի դեմ բերված բողոքները հայտնվել պարոն Դանիելյանի մոտ»։

Հարցին, թե տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշում է, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդության միջոցով ժամանակ է ձգձգվում, փաստաբանն ասաց, որ չգիտի, թե ինչ նկատի ունի տիկին Սաֆարյանը, նշեց, որ իրենց նպատակների մեջ բոլորովին չի մտնում ձգձգելը, ոչ էլ արհեստականորեն արագացնելը։

Նրա խոսքով, նկատի ունենալով, որ այս գործը նաև Եվրոպական դատարանում է, որպեսզի հետագայում այդ ատյանը չմեղադրի իրենց, որ ներպետական կամ որևէ ատյանում որևէ հնարավորություն բաց են թողել, պետք է ներպետական ատյաններում բոլոր հարցերը դրված լինեն։

«Ի թիվս նաև դրա համար, մենք բոլոր հարցերը դնելու ենք, անկախ նրանից, թե ում դուր կգա, ում չի գա»,- ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Խոսելով քրեական գործի ավելացված հատորների մասին, նա ասաց, որ ուսումնասիրել են այն 5 հատորը, որոնք քրեական գործի դատարան մտնելուց հետո են առաջացել. «Որևէ նոր տվյալ դրանցում չկան։ Հիմնականում վերաբերում են տուժողների ծանուցմանը, ծանուցագրերի, ծրարների մի մասը հետ է եկել։ Այդպես ուղղակի շատացել են հատորները։ Կա որոշակի բովանդակություն, բայց ոչ մի նոր բան մեզ համար չկա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում