Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և ներկայիս նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ կալանքից ազատելու և լրացուցիչ քննության համար գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումների բողոքների քննությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանի բակում հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելու որոշմանը դեմ արտահայտվող մի խումբ քաղաքացիներ:

Դատախազության բողոքների քննությունը մեկնարկել էր հունիսի 12-ին, սակայն նիստը հետաձգվել էր, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել:

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի համար անհասկանալի էր, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին: Ըստ պաշտպանական խմբի՝ գործը դատավոր Դանիելյանին է հանձնվել կասկածելի հանգամանքներում, և պաշտպանների գնահատմամբ` դա տեղի է ունեցել պայմանավորված դատավորի անձի առանձնահատկություններով:

Քոչարյանի պաշտպանները ևս մեկ միջնորդություն էին ներկայացրել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռոբերտ Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր: Նա միջնորդեց իրենց տրամադրել մնացած 5 հատորները և ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում