Հայկ Ալումյանը բանավոր հայտարարեց Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու մասին

Հայկ Ալումյանը բանավոր հայտարարեց Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով հունիսի 12-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարեց հայցից հրաժարվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայցի առարկան էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանը այդ հայտարարությունն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչը հայցվոր կողմին բավարարել է:

«Սա նախապես քննարկված հարց էր, ուղղակի սպասում էինք ինչպես կընթանար գործի քննությունը: Ինձ վրա դրված էր որոշելու չափաբաժին, բայց ես գերադասեցի իմ վստահորդի հետ վերջնականապես ճշտել, հետո նոր այդ հայտարարությունն անել»,- ասաց Ալումյանը:

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայցից հրաժարվելն անսպասելի համարեց և միաժամանակ վերահաստատեց իր դիրքորոշումը Փաշինյանի հայտարարության հետ կապված:

«Այդ հայտարարությունները ուղղված չեն եղել նշված անձին: Այդ ժամանակ իմ վստահորդը բացառապես մեկնաբանությունների հետ կապված արտահայտություններ է արել, օրինակներ բերել և միաժամանակ հռետորական հարցեր է բարձրացրել: Այո, միանշանակ նա նկատի չի ունեցել որևէ անձի, այդ թվում` պարոն Քոչարյանին»,- ասաց Գյոզալյանը:

Դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասել էր, որ եթե պատասխանողի ներկայացուցիչը հայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից:

Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ էր խնդրել հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:

Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել հունիսի 13֊-ին՝ ժամը 14:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում