Ապրիլյան պատերազմի մասին տարածվող ստերը վնասում են զինվորների անվտանգությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ապրիլյան պատերազմի մասին տարածվող ստերը վնասում են զինվորների անվտանգությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Վերջերս մի նյութ կարդացի «Ժողովուրդ» օրաթերթի կայքում։ Թղթակիցը հարցազրույց էր վերցրել Ապրիլյան պատերազմի մասնակից ներկայացված ոմն Վահան Հանիսյանից, ով պնդում էր, թե մինչ պատերազմը ամեն ինչ արդեն հասկանալի էր, որ իր հրամանատարները թշնամու գրոհներին պատրաստվելու փոխարեն ստիպում էին զինվորներին Գանձասարի մոտ դիվիզիայի հրամանատարի համար վրան-թաքստոցներ սարքեն, որ իբր Խաչատուրովին փորձել են զեկուցել ստեղծված իրավիճակի մասին, բայց նա չի պատասխանել, որ իրեն հասանելիք «ֆորման ու բատինկան» չեն տրամադրել և այլն, և այլն… տարածված ստերի ողջ փունջը։ Մադրը քիչ թե շատ դրական լույսի ներքո միայն իր գնդի այն ժամանակվա հրամանատար Սամվել Գրիգորյանին էր ներկայացնում։ Ծանոթ լրագրողներից մեկին խնդրեցի զանգի հրամանատարին, մեկնաբանություն ուզի այդ ամենի մասին։ Վերջինիս պատասխանը որքան սպասելի, այնքան էլ լակոնիկ էր. «Գլուխը պատին ա տվել, տենց բաներ ա ասել»։

Հիշատակված նյութը նշված ստերից բացի լեցուն է նաև այնպիսի տեղեկություններով, որոնց հանրայնացումը կարող է վտանգ պարունակել գնդում ծառայող և հատկապես մարտական հերթափոխություն իրականացնող մեր զինվորների համար։ Ես իհարկե գիտեի, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու հիմնական գաղափարը մեկն էր՝ վարկաբեկել ռազմական էլիտան, չեզոքացնել հարգանք վայելող գործիչների ազդեցությունը հասարակական տրամադրությունների վրա։ Բայց չէի սպասում, որ այդ նպատակին հասնելու համար բացահայտ ստին կշաղախվեն նաև այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են սպառնալիք դառնալ մեր զինծառայողների համար։

Այն որ 2016թ. Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հիասքանչ հաղթանակ է տարել, ինձ համար բացարձակ և անքննելի ճշմարտություն է։ Դրա մասին բազմիցս խոսելու, ասածներս հիմնավորելու առիթներ եմ ունեցել։ Եվ թող ոչ ոք չփորձի կասկածի տակ դնել մեր հաղթանակը։ Դա Ալիևի գործն է, թողեք թող ինքը զբաղվի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում