Նարեկ Մալյան. Սորոսի գրասենյակից պարտադրում են արդարադատության նախարար նշանակել Բադասյանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը քիչ առաջ հայտարարեց՝ Սորոսի գրասենյակից պարտադրվում է Հայաստանի իշխանությանը, որ արդարադատության նախարար նշանակեն Ռուստամ Բադասյանին։
«Վերջինն իր վրա պարտավորություն է վերցրել քայքայել ու կործանել Հայաստանի հասարակության բոլոր առողջ տարրերը, Հայաստանի հասարակության մեջ սերմանել երկպառակություն և մարդկանց հանել իրար դեմ։ Նա վերջերս մոդայիկ դարձած հայտնի բառի՝ վեթթինգի ջատագովներից է»,- հայտարարեց Մալյանն ու ընդգծեց, վեթթինգի առաջին ենթարկվողը կլինի Բադասյանը, որպեսզի պարզեն, օրինակա՞ն, թե՞ անօրինական կերպով է ազատվել զինծառայությունից։
«Հանկարծ չմոռանաք, թե ում հետ գործ ունեք, հանկարծ չշփոթվեք։ Իմ ձեռքի տակ բազմաթիվ փաստեր կան, որոնք եթե սկսեմ հրապարակել, այստեղից «մամա ջան» գոռալով կփախնեն բոլորը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժամանակի ընթացքում փաստերը հատ-հատ կհրապարակվեն։
Հիշեցնենք, որ քիչ առաջ զինծառայության ու պետական պաշտոնում նշանակվելու վերաբերյալ լուրերին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ռուստամ Բադասյանը։
Նա գրել է. «երջին շրջանում ֆեյսբուքի տիրույթում որոշել են ինձ նշանակել պետական տարբեր պաշտոնների:)
Քանի որ վերջապես հնչել է հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող խնդիր իմ անձի հետ կապված` բանակում չծառայելու օրինականության մասով, առաջարկում եմ`
– ցանկացած լրագրողի տրամադրել լիազորագիր զինվորական ծառայությունից ազատվելու պատճառները ուսումնասիրելու համար պետական մարմիններից իմ վերաբերյալ անձնական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու համար:
– ուսումնասիրությունից հետո (ռենտգեն նկարներին և բժշկական եզրակացություններին չհավատալու դեպքում) անցնել բժշկական հետազոտություն (մանավանդ որ վաղուց չեմ անցել) ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում զինվորական ծառայությունից ազատվելու օրինականությունը հաստատելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում