Նարեկ Մալյան. Մեր նպատակն է ցույց տալ, թե որ քաղաքական ուժերն են Հայաստանում գործակալական ցանցի հենարանը

Նարեկ Մալյան. Մեր նպատակն է ցույց տալ, թե որ քաղաքական ուժերն են Հայաստանում գործակալական ցանցի հենարանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՎԵՏՕ նախաձեռնության անդամները, աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության դիմաց։

Նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը կարգը պահպանող ոստիկաններին հորդորեց, եթե որևէ մեկը փորձի ինչ-որ գույք փչացնել, վնասել, ոտնձգության ենթարկել, ապա այդ մարդուն բերման ենթարկեն ու պատժեն օրենքի ողջ խստությամբ։

«Դա մեզ հետ կապ չունեցող մարդ է»,-ասաց Մալյանը։

Նա նշեց, որ երկու շաբաթ շարունակ իրենց իրականացրած ակցիաները, բախումները տվել են իրենց արդյունքը, ոստիկաններն այսօր չեն պահպանում հիմնադրամի մուտքի դուռը։

«Ես տվեցի մի հարց, որ ոչ ոք չկարողացավ պատասխանել, ինչո՞ւ է մեր պետությունն անառիկ պահում Սորոսի գրասենյակը։ Մենք հիմա մեր ակցիան կանենք, որոշել ենք արգելափակել գրասենյակի մուտքը՝ թույլ չտալով, որ ինչ-որ մեկը մտնի գրանտ ստանա ու դուրս գա»,-ասաց նա։

Նարեկ Մալյանն ավելացրեց, որ իրենց նախաձեռնությանը միացել են նաև այլ շարժումներ ու կազմակերպություններ։

«Մեր օրակարգի երեք կետերի՝ դրանք գործակալական ցանցի մասին օրենքի ընդունումն է, օտարերկրյա գործակալների նկատմամբ պետական պաշտոն ստանալու արգելքը, և Սորոսի գրասենյակի արգելափակումը, ունենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պաշտոնական դիրքորոշումը, ունենք «Իմ քայլը» դաշինքի պատասխանը, ունենք նաև ՀՀԿ-ի դիրքորոշումը, սպասվում է նաև ԲՀԿ-ի պատասխանը»,– ասաց նա։

Մալյանի խոսքով, այդ պատասխաններն ու դիրքորոշումները կհրապարակեն առանց մեկնաբանության, քանի որ իրենք ցանկանում էին ցույց տալ, թե որ քաղաքական ուժերն են հանդիսանում Հայաստանում գործակալական ցանցի հենարանը։

«Մեր գործն աստվածահաճո է»,-ասաց Մալյանը։

Ակցիայի մասնակիցներն էլ նշեցին, որ ակցիան քարոզչական է, իրենց նպատակն է իրազեկել հիմնադրամի գործունեության վտանգների մասին, հասնել այն բանին, որ օրենսդրությամբ արգելվի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում