Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մելքումյան

Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ազգային ժողովում մեկնարկել է «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ:

Մինչ ելույթներին անցնելը՝ ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը:

«Բանակցող երկիրը եղել է ՀՀ-ն և հուսով ենք՝ երեք տարին կլրանա, և վերջնական ազատ առևտրի ռեժիմին կանցնենք։ Իրանի հետ հարաբերությունները կարևորում ենք, և այստեղ մեծ ռեզերվներ ունենք աճի համար»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում: Համաձայնագրով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75 տոկոսի չափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում