Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցը փոխելու նպատակով

Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցը փոխելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են միջնորդություն ներկայացնել` իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Առայժմ միջնորդություն չենք ներկայացրել, սակայն հերթական նիստերին անպայման կմիջնորդենք»,- ասաց Մկրտչյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման հարցին` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոփոխելու հարցը տվյալ պահին վարույթն իրականացնող մարմինն է լուծում:

«Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործը ներկայումս գտնվում է դատական քննության փուլում, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը տվյալ դեպքում դատարանն է: Հետևաբար, այդ գործով ամբաստանյալի նկատմամբ դատախազությունը խափանման միջոցի փոփոխման հարցը լուծելու իրավասություն չունի»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկները Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատում են ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում