Վիտալի Բալասանյան. «Եկել է զգացմունքայինից դեպի գործնական ոլորտ անցում կատարելու պահը»

Վիտալի Բալասանյան. «Եկել է զգացմունքայինից դեպի գործնական ոլորտ անցում կատարելու պահը»

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Օրերս ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հանդես է եկել «Հանուն Արցախի» համազգային շարժում ստեղծելու նախաձեռնությամբ։ Հանրությանն ուղղված իր խոսքում նա անհանգստությամբ արձանագրել է, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետևանքները: Բալասանյանը նաև համոզմունք է հայտնել, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք և նպատակային օգտագործելու համար:

«Հանուն Արցախի» համազգային շարժման և հայ հանրության առջև ծառացած մարտահրավերների մասին առավել մանրամասն մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով Times.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ Ձեզ ենք ներկայացնում Արցախի հերոսի հարցազրույցը մեր լրատվականին։

– Պարոն Բալասանյան, վերջերս Դուք հայտարարեցիք «Հանուն Արցախի» համազգային շարժում սկսելու նախաձեռնության մասին։ Ինչու՞ հենց հիմա։ Մտահոգություն չունե՞ք, որ այդ միտքը կարող է ընկալվել որպես նախընտրական այս բուռն շրջանում Ձեր վարկանիշի բարձրացմանը միտված «ձիով քայլ»։ Չէ՞ որ Արցախում հիմա իսկական ներքաղաքական իրարանցում է։

– Այդ ամենի շուրջ ես իհարկե մտորել եմ, համոզված լինելով, որ կլինեն մարդիկ, ովքեր ելնելով ստեղծված իրավիճակից, առաջին հերթին կհանգեն նման եզրակացության: Նախ քաղաքական իրարանցման մասին: Ես այն կարծիքն ունեմ, որ այն արհեստական է ու շինծու։ Դրա տակ այլ ծրագրեր են թաքնված, որոնք չեն բխում ժողովրդի և հայկական պետականության շահերից: Անչափ վտանգավոր եմ համարում, երբ փորձ է արվում իրավիճակի սրացման միջոցով ջլատել հայության ուժերը և կասկածի տակ դնել նրա վճռականությունն ու համոզմունքները: Շարժումն առաջին հերթին նպատակ ունի չեզոքացնել այն մտայնությունները, որ տեղ են գտել Հայաստանի և Արցախի հանրության շրջանում, նրա ողջ էներգիան ուղղել կառուցողական հուն, նպաստել անկեղծության, անաչառության և թափանցիկության մթնոլորտի ապահովմանը, հանրությանը մասնակից դարձնել կարևոր ծրագրերի իրականացման գործընթացին՝ բացառելով չարաշահումներն ու հովանավորչությունը: Արցախի, Հայաստանի և Սփյուռքի առաջ հսկայական թվով տարատեսակ խնդիրներ են ծառացել, որոնց մասին միշտ չէ որ անկեղծորեն բարձրաձայնում և լուծման արդյունավետ ուղիներ ենք որոնում։ Մինչդեռ ժամանակը չի սպասում, իսկ մենք շարունակում ենք դոփել տեղում: Արցախյան շարժումից հետո բազում տարիներ են անցել, սակայն մեզ այդպես էլ չի հաջողվել ստեղծել գյուղական համայնքների զարգացման ճանապարհային քարտեզ, ինչը կասկածի տակ է դրել երբեմնի մարդաշատ ու աշխույժ մի շարք համայնքների գոյությունը նախկին տեսքով: Մենք մտադիր ենք այս վտանգավոր զարգացումը բացառելուն ուղղված գործնական ծրագրեր իրականացնել: Ամեն բացթողում և թերություն չէ, որ կարելի է բարդել այլոց և պետության վրա՝ մոռանալով մեղքի մեր բաժինը: Շարժումը նպատակ ունի վեր հանել և ողջ հայության ուշադրությունը բևեռել նմանատիպ կարևոր խնդիրների վրա:

Իսկ ինչ վերաբերվում է ընտրությունների հետ կապված իմ վարկանիշի՝ նման ձևով բարձրացմանն ուղղված քայլերին, խոստովանեմ, որ բարեբախտաբար ես նման խնդիր չունեմ:

– Շարժման մեկնարկի մասին Ձեր հայտարարության մեջ առաջ է քաշվում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը և դա այն իրավիճակում, երբ միացման գործընթաց սկսելու նպատակով դաշինքներ են ձևավորվում, ավտոերթեր են կազմակերպվում: Հնարավոր է լինեն նաև այլ կարգի ակցիաներ:

– Շատ հնարավոր է, սակայն դրանք այս պահին հաջողությամբ չեն պսակվի։ Եթե նկատել եք, այդ բոլոր կոչերը հանրության շրջանում այն արձագանքը չգտան, որն ակնկալում էին դրանց հնչեցնողները: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ հանրությունը մտափոխվել է և նրան այլևս չի մտահոգում միացման գաղափարը: Ամենևին: Այդ գաղափարը Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից մինչ օրս թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում չի կորցրել իր արդիականությունը, հրատապությունն ու կենսունակությունը: Չեմ կարծում, որ բոլոր նրանք, ովքեր փորձել են օրակարգ բերել այս խնդիրը, չգիտեն այս պահի դրությամբ դրա իրականացման ճանապարհին գոյություն ունեցող արգելապատնեշների ու հնարավոր հետևանքների մասին: Ի վերջո, եկեք իրերին սթափ հայացքով նայենք և հիշենք, որ մենք ոչ թե գերտերություն, այլ ընդամենը փոքր և խոցելի տնտեսություն ունեցող երկիր ենք, որն ի զորու չէ անտեսել միջազգային օրենքները: Իսկ եթե այնուամենայնիվ հայ հանրության շրջանում կա նման պահանջարկ, գտնում է, որ միացումն անհետաձգելի քայլ է և հանդիսանում է մեր ժողովրդի առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը, ուրեմն ոչ թե փողոցում պետք է ձեռնամուխ լինել դրա իրականացմանը, այլ պետական ամենաբարձր մակարդակով ուսումնասիրել դեպի լիակատար միացում տանող հնարավոր բոլոր տարբերակները, կատարել այնպիսի ընտրություն, որը կասկածի տակ չի դնի Արցախի անվտանգությունը: Ես ավելի քան համոզված եմ, որ այս առումով Արցախում երբեք խնդիրներ չեն ծագի:

Շարժումը ելնում է ժամանակի հրամայականից։ Առաջնահերթություն համարելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը՝ մենք գտնում ենք, որ դառնալով միջազգային սուբյեկտ, կխուսափենք նաև միացումն իրականացնելու գործընթացի հնարավոր բոլոր հիվանդագին խնդիրներից:

– Դուք առաջ եք քաշում նաև հայկական երկու պետությունների անվտանգության ամրապնդման հարցը: Խոսելով այդ խնդրի մասին՝ մեր զինվորական բարձրաստիճան այրերը հավատացնում են, որ հայկական միացյալ ուժերը ցանկացած պահի պատրաստ են ոչ միայն չեզոքացնել հակառակորդի ոտնձգությունները, այլև ռազմական գործողությունները տեղափոխել նրա տարածք: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը:

– Մեզանում թյուրըմբռնում գոյություն ունի անվտանգության ամրապնդում, ապահովում հասկացությունների հանդեպ: Խոսքը միայն սահմանների անձեռնմխելիության ապահովման մասին չէ։ Անվտանգությունը շատ ավելի ընդգրկուն և լայն հասկացություն է՝ բաղկացած է մի շարք շաղկապված շերտերից՝ տնտեսության զարգացում, պարենային ինքնաբավություն, բնակչության նորմալ կենսագործունեություն, ներքին կյանքի ներդաշնակություն, բարոյահոգեբանական վիճակ, քաղաքական ցնցումների բացառում և այլն: Ի վերջո, եթե երկրի քաղաքացին լիարժեք կյանքով չի ապրում, դա նույնպես վնասում է երկրի անվտանգությանը: Այնպես որ այս բոլոր ուղղություններում մենք հսկայական անելիքներ ունենք:

– Դատելով Ձեր հայտարարության մեջ տեղ գտած Սփյուռքին առնչվող ձևակերպումից, «Հանուն Արցախի» համազգային շարժմանը չեն բավարարում մինչ հիմա գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակը: Ճի՞շտ եմ կռահել:

– Միանշանակ: Շուրջ երեք տասնամյակ է, ինչ Սփյուռքի հայությունը նյութական և բարոյական անշահախնդիր օգնություն է ցուցաբերում Արցախին: Հենց այդ օգնության շնորհիվ էլ մեզ հաջողվեց լուրջ քայլեր ձեռնարկել մեր ավերված տնտեսությունն ու ենթակառույցները վերականգնելու ուղղությամբ: Ճշմարտության առաջ չմեղանչելու համար միաժամանակ ասեմ, որ մեզ այդպես էլ չհաջողվեց Արցախը դարձնել գրավիչ, ինչն ի սկզբանե մտադիր էինք իրականացնել: Պարզապես միշտ չէ որ Սփյուռքի, ինչու՞ չէ՝ նաև Հայաստանի կողմից մեզ տրամադրված ռեսուրսներն օգտագործել ենք նպատակային ու հասցեագրված, որի հետ այսօր էլ ես չեմ հաշտվում և առողջ տրամաբանության մեջ չտեղավորվող աններելի երևույթ եմ համարում:

Ես շատ հեռու եմ այն մտքից, որ Արցախում ամեն ինչ իդեալական է: Այդպիսին չեն նաև մեր հարաբերությունները Հայաստանի և Սփյուռքի հետ, ինչը արմատական վերանայման անհրաժեշտություն ունի: Եկել է զգացմունքայինից դեպի գործնական ոլորտ անցում կատարելու և Սփյուռքի շահն ու շահագրգռվածությունը հաշվի առնելու պահը: Ես անընդունելի եմ համարում այն տեսակետը, որ Սփյուռքի գլխավոր դերակատարումը պետք է շրջանակվի հայրենիքին ցուցաբերվող օգնության և աջակցության տեսքով: Այն պարտադիր կարգով պետք է լինի փոխադարձ և փոխշահավետ: Միայն նման մոտեցման պարագայում մենք կարող ենք ստեղծել Միացյալ, զարգացած և հզոր Հայաստան: Ահա շարժման գլխավոր նպատակը: Ասել է թե՝ այդ հարաբերություններին մտադիր ենք հետայսու հաղորդել գործնական, փոխշահավետ հենք, հաշվի առնելով Սփյուռքի մեր հայրենակիցների ցանկություններն ու մտահղացումները:

– Պարոն Բալասանյան, համազգային Շարժում ձևավորելու մասին Ձեր հայտարարությունը ի՞նչ արձագանք գտավ մեր հայրենակիցների շրջանում։ Չունե՞ք մտավախություն, որ ինչ-ինչ ուժեր կփորձեն նսեմացնել նաև այս գաղափարը:

– Եթե անկեղծ, արձագանքներն ինձ հաճելիորեն զարմացրել են։ Հարյուրավոր մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ շտապեցին իրենց աջակցությունը հայտնել իմ մոտեցումներին։ Տարբեր կազմակերպություններ բարձրաձայնեցին Շարժմանը միանալու իրենց որոշման մասին։ Եվ սա իսկապես շատ ոգևորող է։ Աշխատանքի մեծ դաշտ է բացվել և կարևոր է, որպեսզի այդ նպատակների իրականացմանը միտված մեր ուղին սկսենք ճիշտ քայլերից։

Ինչ վերաբերվում է քննադատություններին, ապա՝ այո, որոշ մարդիկ արդեն հասցրել են կասկածի տակ դնել ոչ միայն մեր նախաձեռնությունը, այլև գաղափարը։ Բայց այդ ամենը շատ մակերեսային է։ Նրանք անգամ չեն հիմնավորել, թե կոնկրետ ինչին են դեմ՝ «Հանուն Արցախի» գաղափարի՞ն, թե պարզապես նրան, որ այդ նախաձեռնությունը հեղինակել եմ ես:

Ծանոթանալով բացասական մի քանի արձագանքների՝ մտաբերեցի մի շատ հին արտահայտություն՝ չգիտեմ, թե դուք ինչ եք ուզում ասել, բայց ես դեմ եմ: Բոլոր դեպքերում բացասական արձագանքն էլ արձագանք է, այնպես որ անգամ դրանցում է կարելի դրական միտումներ գտնել։ Որովհետև դրանք իրենց մեջ նաև զգաստության կոչի տարրեր են պարունակում և զգուշացնում ու պարտավորեցնում, որ մեր մտահղացումների իրականացման ճանապարհին գաղափարից չշեղվենք, լինենք իրատես ու հետևողական: Իսկ մենք այդպիսին էլ կլինենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում