Կարևոր հարցերի ենք բախվելու, մասնավորապես՝ ով է վեթթինգն իրականացնելու

Կարևոր հարցերի ենք բախվելու, մասնավորապես՝ ով է վեթթինգն իրականացնելու

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Oրերս «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով աղմուկ հանած ու անընդհատ քննարկվող «վեթթինգին» և գնահատել՝ «իշխանությունների կողմից «անցումային արդարադատության» գործիքակազմի ներդրման և գործարկման մասին որոշումը որակում ենք արհեստական և խիստ քաղաքականացված»: Ավելին՝ տեսնում է ՀՀ իրավական անվտանգության սպառնալիքներ: Panorama.am –ը մի քանի հարցով դիմեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։

Panorama.am– Ինչպե՞ս կմեկնաբանեք և նման գնահատականները, և առկա իրավիճակը, ինչպիսի՞ վտանգներ եք տեսնում, որոնք կարող եք մանրամասնել մեզ և մեր ընթերցողի համար։

Ա.Զոհրաբյան– Նախ, վեթթինգը անցումային արդարադատության գործիքներից մեկն է, իսկ անցումային արդարադատության ճանապարհով պետությունը գնում է, եթե ի վիճակի չէ սահմանադրական ճանապարհով իր խնդիրները լուծել: Հետևաբար, այս ճանապարհով շարժվելուց առաջ պետք է դրա անհրաժեշտության հիմնավորումը լինի համոզիչ: Վեթթինգը ենթադրում է պաշտոնատար անձանց ակտիվների ստուգման, կասկածելի կապերի ստուգման և մասնագիտական որակների ստուգման գործընթաց։ Ընդ որում, իմ կարծիքով, չի կարելի վեթթինգի գործընթացը կիրառել միայն դատավորների նկատմամբ: Այն պետք է ներառի դատարանների, դատախազության, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և այլ մարմինների աշխատակիցներին: Հակառակ դեպքում, կստացվի խտրական և ընտրողական մոտեցում միայն դատավորներին։

Panorama.am- Ըստ «Մեկ Հայաստանի» հայտարարության, «վեթթինգը» իր ամբողջ տրամաբանությամբ և առաքելությամբ, պետք է կիրառվի ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգի, մասնավորապես ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Իհարկե, այսպես պիտի լինի, բայց արդյո՞ք վերահսկելի է վեթթինգի գործընթացը իշխանության ներսում։

Ա.Զոհրաբյան– Կարևոր հարցերից ենք բախվելու, մասնավորապես՝ ով է վեթթինգն իրականացնելու, ինչպես է ձևավորվելու այդ մարմինը, ինչ կարգով է գործելու, որպեսզի քաղաքական այլակարծություն ունեցող անձանց համար պատժիչ գործիք չդառնա: Այս առումով կարևոր է նախապես ունենալ վեթթինի հայեցակարգը: Կուսակցությունների քաղաքական գնահատականներն ինձ հետաքրքիր չեն, բայց գիտնական Արթուր Ղազինյանի («Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից-Pamorama.am) և մտահոգ այլ հայտնի իրավաբանների այս հարցին վերաբերող տեսակետներին չի կարելի անտարբեր մոտենալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում