Հուսով եմ, Բաքուն ու Երևանը հասկանում են այդ գործընթացի կարևորությունը. ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում է

Հուսով եմ, Բաքուն ու Երևանը հասկանում են այդ գործընթացի կարևորությունը. ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այց է կատարել Ադրբեջան՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ, ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին, այս հարցում իշխանությունների ու քաղաքացիական հասարակության դիրքորոշումների հետ: Այս մասին Կլաարն ասել է Turan գործակալության հետ հարցազրույցում։

«Ինչպես գիտեք, ԵՄ-ն բանակցությունների կողմ չէ, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և իմ դերն է` աջակցել այդ ջանքերին», – ասել է Կլաարը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացրել է, թե ինչպես է նա գնահատում իրավիճակը, որոնք են մարտահրավերներն ու հնարավորությունները:

«Այս ամսվա վերջում ես մտադիր եմ այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ», – ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Հարցին, թե արդյոք Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է մարդասիրական քայլերի իրականացման հարցը, ինչպես նախկինում հայտարարել էին կողմերը, Կլաարն ասել է, որ քննարկել են վստահության և փոխըմբռնման միջոցներ հաստատելու միջոցները։

«Հուսով եմ, Բաքուն ու Երևանը հասկանում են այդ գործընթացի կարևորությունը, և ես խնդրեցի նախագահին ու արտգործնախարարին ասել, թե ինչպես Եվրամիությունը կարող է օգնել այս գործընթացին», – ասել է Տոյվո Կլաարը:

Հարցին, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել խաղաղ գործընթացին, Բրյուսելի ներկայացուցիչը նշել է, որ երկար տարիներ ԵՄ-ն միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակություններին աջակցելու, բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ծրագրերին:

«Բոլորն էլ հասկանում են, որ խաղաղ կարգավորում հնարավոր չէ առանց հաղորդակցության, շփումների ու փոխըմբռնման: Սա է պատճառը, որ երկրի ղեկավարները պետք է հասկանան, թե որքան կարևոր է դա: Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումներից հետո ես տպավորություն ունեցա, որ նման հասկացողությունը կա», – ասել է Կլաարը:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում իշխանափոխությունից հետո հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը մեծացել են, ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը «հաստատապես» հավատարիմ է խաղաղ կարգավորմանն ու կառուցողական երկխոսությանը:

«Սա մեր տպավորությունն է Հայաստանի արտգործնախարարի ու ղեկավարների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական մի շարք հանդիպումներից», – ասել է Կլաարը:

Իսկ թե ինչու հակամարտության կարգավորման գործընթացում 30 տարվա ընթացքում առաջընթաց չկա, եթե բոլորը կառուցողական են, Տոյվո Կլաարն ասել է, որ ցանկացած հակամարտության համար կարող է լուծում գտնվել։

«Որպեսզի բեկում լինի, կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն։ Սա մի բան է, որ հնարավոր չէ նրանց տալ դրսից», – ասել է ԵՄ դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում