Երևանում բացվեց հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Երևանում բացվեց հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին:

«1965 թվականին Պալյանը հրաժարվեց հոգևոր գործունեությունից և անցավ աշխարհիկ կյանքի: Նա սկսեց աշխատել ԵՊՀ-ում: Ես էլ էի համալսարանում աշխատում: Այդ ժամանակներից սկսած նվագակցել եմ նրան, մարզերում նաև` Լուսինե Զաքարյանին»,-պատմեց Զաքարյանի ընտանիքի բարեկամ և թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը: Նա շեշտեց, որ մինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: «Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,– ընդգծեց Դավթյանը:

Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի խոսքով` մեծ ջանքեր են գործադրել թանգարանը բացելու համար: «Սա մեծ իրադարձություն է ոչ միայն Պալյան ընտանիքի, այլև հայ ժողովրդի համար: Հպարտությամբ ենք հանրությանը հանձնում այս մշակույթի կենտրոնը, որը պետք է ծառայի հոգևոր երաժշտությանը: Այստեղ պետք է հնչեն Զաքարյանի և Պալյանի անզուգական ձայները՝ մարդկանց, որոնք կարողացան հայ հոգևոր, տոհմիկ, միջնադարյան երաժշտությունը հասցնել բարձր մակարդակի»,- եզրափակեց նա:

Լուսինե Զաքարյանի քույրը` Լյուդմիլա Զաքարյանը փաստեց, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր չեն ճանաչում մեծ սոպրանոյին: Նա հույս հայտնեց, որ տուն-թանգարանը կարող է նպաստել իր քրոջ թողած ժառանգության հանրահռչակմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում