ՄԱԿ-ը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

ՄԱԿ-ը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (ՄԻՀ) Թուրքիային 180 օր ժամանակ է տվել, որպեսզի ազատ արձակի 2017թ. Մալայզիայից Թուրքիային հանձնված երկու անձի: Նրանք ձերբակալվել են երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությանը» անդամակցելու մեղադրանքով:ՄԱԿ-ի ՄԻՀ-ը Թուրքիայից պահանջել է նշված ժամկետում վերականգնել նրանց իրավունքները: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Անազատության մեջ գտնվող անձինք 13 տարի բնակվել են Մալայզիայում: Նրանցից մեկը գիտնական Իսմեթ Օզչելիքն է, իսկ մյուսը միջազգային «Time» դպրոցի տնօրեն Թուրգայ Քարամանը:

«Թուրքիայի իշխող կուսակցությունը պետք է ազատ արձակի գրողներին: Այս անձանց իրավունքները պետք է բավարար կերպով վերականգնվեն, քանի որ նրանք բռնության են ենթարկվել և զոհի կարգավիճակում հայտնվել»,– նշվում է ՄԻՀ-ի զեկույցում:

Զեկույցում հիշեցվում է նաև, որ Թուրքիան ստորագրել է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները, ապա տեղեկացվում, որ այս իրավիճակի հետ կապված անհրաժեշտ է արդյունավետ միջոց գտնել:

Նշվում է, որ Թուրքիան նման գործողությունները կապում է արտակարգ դրության պայմանների հետ, ինչպես նաև այն պնդման հետ, թե սպառնալիք է ստեղծվել պետության անվտանգության համար, սակայն այդ հիմնավորումներն անընդունելի են և չեն կարողանում բացատրել, թե այդ անձինք ինչպիսի սպառնալիք են ստեղծել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչի հետևանքով մինչև այսօր 77.000 մարդ է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի անդամ լինելու և հեղաշրջում կամակերպելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում