Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին

Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին

Մայիսի 19-ի ուշ երեկոյան Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցած միջադեպն այդպես էլ չպարզաբանված մնաց հանրության լայն շերտերի համար։ Չնայած այն փաստին, որ ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է, թե իրենց գործողությունները որևէ կերպ չպիտի առնչվեին Վ. Բալասանյանին և որ նրա՝ այդ մեքենայում լինելը իբրև թե պատահականություն էր, այնուամենայնիվ մի շարք շրջանակներից լուրեր են տարածվում այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձել է «ասֆալտին փռել» Արցախի հերոս գեներալին, հետո հանրայնացնել այդ գործողության կադրերը։ Քաղաքական դաշտում տարածված կարծիքն այն է, որ Վիտալի Բալասանյանի դեմ իրականացված գործողությունը պլանավորվել է ՀՀ բարձրագույն իշխանության կողմից այն բանից հետո, երբ Բալասանյանը Արցախում հորդորել է լրագրողներին անվտանգության հետ կապված հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ վարչապետն ընդհանրապես խոր մտահոգություններով է վերադարձել Արցախից՝ Երևան գալուն պես սպառնալով հեղափոխություն իրականացնել նաև հայկական երկրորդ պետությունում։ Պատճառները, կարծես, ակներև են՝ փոխադարձ վստահության ակնհայտ պակասն է։ Ուստի Փաշինյանը որոշել է ուժ ցուցադրի, որպեսզի բոլորը հասկանան, թե ով է իրավիճակի իսկական տերը։ Ըստ շրջանառվող լուրերի, Վիտալի Բալասանյանը պետք է դառնար այդ հաշվեհարդարի առաջին «զոհը»։ Օպերացիան սակայն ինչ-ինչ պատճառներով տապալվեց՝ քաղաքական խնդիրներից բացի առաջացնելով նաև որոշ հարցադրումներ, որոնք արդեն բարոյական տիրույթում են։

Վստահ ենք՝ շատերն են հիշում 2016թ. ամառը, երբ իրենց իրենց «Սասնա ծուռ» կոչած մի խումբ ահաբեկիչները գրավել էին Երևանում տեղակայված ՊՊԾ գունդը՝ պարալիզացնելով երկրի բնականոն գործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Այդ օրերին նրանք պատանդ էին վերցրել նաև Ոստիկանության ներկայիս պետ Վալերի Օսիպյանին։ Սպանություններով զուգորդված այդ զարգացումները, որոնք ցնցեցին Հայաստանի ողջ ներքաղաքական դաշտը, այն ժամանակ հաջողվեց հաղթահարել հենց Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ, որը, վտանգելով իր կյանքը, մտավ ՊՊԾ գնդի տարածք, համոզեց ահաբեկիչներին վայր դնել զենքերը և գերությունից ազատեց Վ. Օսիպյանին։ «Սասնա ծռերի» հարաբերությունները Վ. Բալասանյանի հետ հետագայում կտրուկ վատթարացան։ Եվ դա բնական է՝ նրանք մեղադրում էին վերջինիս պետական շահն իրենց շահից ավելի վեր դասելու մեջ։ Բայց ահա Վ. Օսիպյանի նման քայլը Բալասանյանի հանդեպ անսպասելի էր և  լուրջ հարցեր է առաջացրել Բալասանյանի մտերիմների և ուժայինների շրջանում։

Այս օրերին շատերն ասում՝ ոչ մի լավություն անպատիժ չի մնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում