ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից մայիսի 22-ին ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում