Շուշին գրավելու մասին գրառումն այն է, ինչ Ադրբեջանն իրականում կա. Բաբայան

Շուշին գրավելու մասին գրառումն այն է, ինչ Ադրբեջանն իրականում կա. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Սա այն է, ինչ Ադրբեջան իրականում կա, սա վկայությունն է այդ երկրի իրական դեմքի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվորների՝ համացանցում տարածված լուսանկարին, որում վերջիններս շարքերով կազմել են «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ» գրությունը։

«Մենք երբևիցե չպետք է մոռանանք՝ ով է մեր հակառակորդը, մենք երբևիցե չպետք է իրականությունից կտրվենք։ Ադրբեջանցիներն իրոք ուզում են գրավել Շուշին, Ստեփանակերտը, Երևանը, բոլորին կոտորել և ոչնչացնել։ Նրանք դա չեն էլ թաքցնում։ Հանցագործները, սովորաբար, թաքցնում են իրենց նպատակները, իսկ ահա ադրբեջանցիները չեն թաքցնում։

Նույնիսկ հայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին թույլ չեն տալիս Բաքու մեկնել, կարող են ամենաանկախատեսելի հետևանքները լինել», – ասաց Դավիթ Բաբայանը։

ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրեց՝ տարեսկզբից Ադրբեջանը մի քանի խոշոր զորավարժություններ է անցկացրել, որոնք բոլորն էլ անխտիր ուղղված են հայկական երկու պետությունների դեմ։

«Մենք պետք է սթափվենք, իրար աջակից լինենք։ Տեսնում ենք՝ մարդիկ կան, որ կարծես կեղտոտ բաժանումներ են անում՝ հայաստանցի, ղարաբաղցի առանձնացնում։ Հակառակորդը մեր պատմությունը երբեմն ավելի լավ գիտի և հիշում է, որ մեր պարտությունները եղել են անհամախմբվածության պատճառով», – ասաց մեր զրուցակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում