ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը

ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խորհուրդը հավանություն չի տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության` արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը, որում առաջարկվում էր քննարկել քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը փակելու հետևանքով երկրում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների անցկացման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին այս մասին խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Արտահերթ նիստ չի գումարվի: Նիստն անցկացնելու համար ստորագրությունները բավարար էին, ԱԺ խորհուրդը պետք է բավարարեր, սակայն քվեարկությամբ մերժեց: Տարբեր ելույթներ, քննարկումներ եղան, մենք քվեարկեցինք կողմ, իրենք՝ (խմբ.՝ «Իմ քայլը») դեմ»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ իրենք հայտարարության տեքստ ևս ունեին: Նիստին պատգամավորներն ասել են, որ պետք չէ հարցին անդրադառնալ, նորից քննարկել:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ նիստի արդյունքում ուզում էին քննարկել դատարանի ելքերն ու մուտքերը փակելու ակցիան, նաև վարչապետի՝ դատական համակարգի համար առաջարկած բարեփոխումները:

«Վեթթինգի առաջարկը մերն է եղել, շատ բաների կողմ էինք: Եվ ուզում էինք նիստում խորհրդարանի կողմից կառավարությանն ուղղված հայտարարություն ընդունել, որ դատաիրավական համակարգի ցանկացած ձեռնարկ իրականացվի Սահմանադրության, միջազգային պարտավորությունների հարգման շրջանակներում»,-նշեց Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում