Հայաստանի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. ՀՀ նախագահ

Հայաստանի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախասգահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, և երկրի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ։

Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթական համակարգի դերը՝ այն դիտարկելով որպես այդ ամենի հիմքը։

Նշելով, որ մեր երկիրը Խորհրդային Միությունից ժառանգել է բավականին լավ կրթական համակարգ, նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը բաց է դեպի նորը։ «Մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր»,-ընդգծել է նա:

Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասել է, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով: Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում հաջողակ լինելու են այն երկրները, որոնք լավ հիմք են պատրաստում այդ փոփոխությունների համար։

Նախագահ Սարգսյանը ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Nokia Corporation-ը մասնագիտացած է հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ու զգալի միջոցներ է ներդնում տեխնոլոգիական նոր լուծումների հայթայթման, դրանք իրենց արտադրանքում կիրառելու վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում