Երկու միտք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընթացող դատավարության կապակցությամբ. Սամվել Ֆարմանյան

Երկու միտք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընթացող դատավարության կապակցությամբ. Սամվել Ֆարմանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Facebook: Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ. այս դատավարությունը մարտի 1-ի հարցը չի լուծելու: Չի լուծելու, որովհետև տեսնում եմ, որ մենք, որպես հասարակություն ու պետություն, չենք քաղել մարտի 1-ի հիմնական դասը` չատել միմյանց, քաղաքական որևէ նպատակի համար երկրի ներսում ատելություն չքարոզել, մենք ու մենքի մեջ սահմաններ չքաշել, պատնեշներ չկառուցել, իշխանությունը կյանքի նպատակ չդարձնել ու էդ ճանապարհին միտքն ու տեսողությունը չկորցնել: Դա մի օր էլի արյան է բերելու: Անխուսափելիորեն բերելու է: Դատավարությունը մարտի 1-ի հարցը չի լուծելու, որովհետև այդ ցավալի իրադարձությունների քաղաքական կողմերի կռիվը դեռ գնում է, իսկ դա նշանակում է, որ այդ ողբերգական իրադարձությությունների զոհերի արյունը մեծ հավանականությամբ կարող է շահարկվել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար, բայց ոչ երբեք ծառայել այդ ողբերգական էջի հնարավոր հաղթահարմանը:

Այս ամենից ավելի բարձր մի ուրիշ բան էլ կա. ես դեմ եմ, որ իմ երկիրը երբևէ ղեկավարած որևէ անձ, անկախ նրա հանդեպ իմ ունեցած անձնական վերաբերմունքից ու նրա կառավարման որակներից, գրանցած արդյունքներից, հայտնվի բանտում: Այդպես պետություն չեն ստեղծում, այդկերպ պետականության լավ ավանդույթներ չեն սերմանվում: Այդկերպ թուլացվում է երիտասարդ պետականության առանց այդ էլ դողդողուն հիմքերը: Ուզենք, թե չուզենք` դա այդպես է: Այդկերպ, անցյալի շուրջ անարդյունավետ բանավեճն է, որ թելադրում է քո օրակարգը, մինչդեռ ժամանակը, ապագան ու հնարավորությունները կողքովդ աննկատ վազում են: Նույնկերպ, եթե վաղը ճիշտ նույն խնդրի առաջ կանգնի Նիկոլ Փաշինյանը, իմ վերաբերմունքը էլի նույնն է լինելու:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում