Դատախազն առարկեց Քոչարյանի գործով նիստին ցուցմունքից մի հատվածի հրապարակմանը և առաջարկեց դռնփակ նիստ անել

Դատախազն առարկեց Քոչարյանի գործով նիստին ցուցմունքից մի հատվածի հրապարակմանը և առաջարկեց դռնփակ նիստ անել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստի ժամանակ դատախազն առարկեց հարցաքննված անձի ցուցմունքից մի հատվածի հրապարակմանը և առաջարկեց դռնփակ նիստ անել: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ եթե դատախազությունը միջնորդություն է ներկայացնում նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, ապա դրա առնչությամբ հիմնավորումները ևս պետք է ներկայացվեն դռնփակ: Դատարանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի ապահովվի դատախազության միջնորդության դռնփակ քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ իրենք դռնփակ նիստ անցկացնելու հիմքեր չեն տեսնում:

«Դռնփակ նիստն անցկացնելը պատճառաբանվեց հետևյալ կերպ՝ ցուցմունքներից հնարավոր է, որ հատվածներ հրապարակվեն: Չնայած, նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա: Հրապարակվող նյութերի մեջ պետական գաղտնիքի խնդիր չկա»,- նշեց Օրբելյանը:

Նրա խոսքով՝ ըստ դատաիրավական օրենսգրքի դռնփակ նիստ անելու միջնորդության քննարկումը նույնպես իրականացվում է դռնփակ ռեժիմով: «Դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց, ինչից հետո կքննարկվի նիստը շարունակել դռնփակ, թե ոչ»,- ընդգծեց փաստաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում