Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ

Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ընթացքում փաստաբան Հայկ Ալումյանն անհամաձայնություն հայտնեց դատավորի կողմից ՍԴ որոշման մեկնաբանության վերաբերյալ, ասաց նման բան ՍԴ-ն չի ասել, հակառակն է ասել։

«Դատավորը տրամագծորեն այդ որոշման իմաստին հակառակ է ընկալել ու իր որոշման մեջ արտացոլել այն, այն, ինչ որ Դուք գրել եք, Սահմանդրական դատարանը նման բան չի ասել ու շատ պարզ է ասել»,– ասաց պաշտպանը։

Ալումյանի խոսքով, դատավորը խառնել է դատավարական փուլերը, նկատեց, սա գործը դատական քննության նախապատրաստելու փուլն է, այս փուլում պետք է կայացվի քրեական դատավարության օրենսգրքի 282 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը։

Նա հատվածներ ընթերցեց ՍԴ որոշումից, որպեսզի, ինչպես ինքն ասաց, դատավորը կարողանա ճիշտ ընկալել այն։

«Նախատեսում է, որ հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ… հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ… հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ…»,- ընդգծելու համար մի քանի անգամ կրկնեց Ալումյանը։

«Մի հատ էլ ասեք»,-արձագանքեց դատավոր Գրիգորյանը։

«…… հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ… հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ… որովհետև անցած անգամ երկու անգամ ասացի, բայց Դուք չընկալեցիք»,-շարունակեց խոսքը պաշտպանը։

«Ուրեմն, պարոն Ալումյան, ուրեմն, ես Ձեզ հորդորում եմ դատարանի նկատմամբ հարգալից լինել, և վարքագծով արդեն էթիկայի կանոններն անցնում եք»,- ընդհատեց դատավորը։

«Էթիկայի կանոններն անցնում եմ, դիմեք Փաստաբանների պալատ»,-առաջարկեց փաստաբանը։

«Եթե անհրաժեշտ լինի, կդիմեմ, կաշկանդված չեմ։ Աշխատեք Ձեր վարքագիծը էթիկայի կանոնների սահմաններում դրսևորեք, եղավ»,-ասաց դատավորը։

«Աշխատում եմ, ամեն ինչ անում եմ, եթե ես ինձ վրա չաշխատեի, լրիվ ուրիշ բառերով կնկարագրեի»,-նշեց Ալումյանը։

«Փորձեք, եթե ուզում եք, փորձեք»,-շարունակեց դատավորը։

Ալումյանը շարունակեց՝ բայց օրենքից մեջբերումներով։ Ասաց, պաշտպաններից յուրաքանչյուրը միջնորդություն է ներկայացրել, որոնք պետք է քննարկվեին ինքնաբացարկի միջնորդության հետ միասին, սակայն չի եղել։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով է դատարանը որոշել չքննարկել Քրեական դատավարության 312 հոդվածով նախատեսված որոշումները, այլ անցնել նույն օրենսգրքի 285 հոդվածով նախատեսված հարցի քննարկմանը։

Նկատենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածը սահմանում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննումը։

Դատավորն էլ հակաճառեց՝ ՍԴ որոշումը պարզ շարադրված է։

«Ինքնաբացարկի որոշման մեջ էլ նշված է, որ քննվում է մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցի պահպանման, փոփոխման կամ վերացման հարցը։ Այսինքն, քանի դեռ դատարանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածով սահմանված որոշումներից մեկը՝ այն է դատական քննություն նշանակելու մասին որոշումը չի կայացվել, անձը դեռևս գտնվում է մեղադրյալի կարգավիճակում, քանի որ օրենքով սահմնաված է, թե ով է ամբաստանյալը և կարիք չկա պարզաբանելու»,– ասաց դատավորը։

Գրիգորյանը մանրամասնեց, որ պաշտպանների ներկայացրած միջնորդությունները քննարկվելու են ավելի ուշ փուլում՝ միանձյնա կամ կողմերի մասնակցությամբ, նրանց կարծիքները լսելու պայմաններում։

«Սույն դատական նիստը վերաբերում է բացառապես կալանքի քննարկման հարցին, որևէ այլ միջնորդություն զուգահեռ ներկայացված սույն դատական նիստի ընթացքւոմ չի կարող քննարկվել։ Դրանք քննարկման ենթակա են հետագայում»,– ասաց դատավորը

Հետևեք մեզ նաև Telegram-ում