Կարմիր կիրակի

Կարմիր կիրակի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Qahana.am: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Qahana.am-ը գրում է, որ Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր:

Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ ընդդեմ մեղքի ու չարիքի:

«Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», – ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):

Հետևեք մեզ նաև Telegram-ում