Պետք է լինենք հզոր և միասնական. հրադադարի համաձայնագրի ստորագրումից 25 տարի է անցել

Պետք է լինենք հզոր և միասնական. հրադադարի համաձայնագրի ստորագրումից 25 տարի է անցել

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ ռազմական ակտիվ գործողություններին վերջ դրած կարևոր փաստաթղթի՝ հրադադարի համաձայնագրի ստորագրումից 25 տարի է անցել, սակայն մինչ օրս ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները բազմաթիվ կյանքեր են խլում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը հրադադարի համաձայնագիրը նախ դիտարկեց մարդասիրական տեսանկյունից, նշելով, որ փաստաթղթի ստորագրումից հետո ակտիվ պատերազմական գործողությունները կանգ են առել և բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել: «Այդ համաձայնագիրը փաստորեն ֆիքսեց, որ Արցախը որպես պետություն, որպես հակամարտության կողմ, որպես բանակցային գործընթացի կողմ կա, որովհետև այդ համաձայնագիրը ստորագրվել է այդ թվում նաև Արցախի Հանրապետության ներկայացուցիչների կողմից և ի վերջո այդ համաձայնագրի շնորհիվ մենք այսօր ունենք համեմատաբար կայուն և խաղաղ տարածաշրջան»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ տարածաշրջանը նույնպես մեծ օգուտ ստացավ այս համաձայնագրից, ինչպես նաև միջազգային հանրությունն առհասարակ:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ եթե հակառակորդը հարձակվողական բնույթ է հաղորդում պատերազմին, ուրեմն այն ինքնին հարձակվողական բնույթ է ստանում: «Մենք երբևիցե ագրեսոր չենք, բայց հարկ եղած դեպքում պատերազմական գործողությունները տեղափոխելու ենք թշնամու տարածք և պարտադրելու ենք նրանց խաղաղություն: Ուրիշ բան, որ մենք այդ ռազմավարությունը չենք ընդունում, քանի որ ագրեսոր և ահաբեկիչ չենք, բայց ագրեսորի և ահաբեկչի դեմ հարկ եղած դեպքում պետք է պայքարենք ուժով»,-վստահեցրեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հարձակվողական, դիվերսիոն, նացիստական ռազմավարություն է վարում, իսկ հայկական կողմը՝ հակառակը:

Նա նշեց, որ երկու կողմերի համար հրամայականները ևս տարբեր են: «Մենք նպատակ չունենք ոչնչացնելու Ադրբեջանի պետականությունը, իսկ իրենք նպատակ են դրել ոչնչացնել արցախյան, հայոց պետականությունը, առհասարակ ցեղասպանություն կատարել: Մենք միշտ պետք է լինենք հզոր, միասնական և վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն՝ հենց սա է խաղաղության և կայունության խորհուրդը: Այսպես պետք է դիտարկենք մեր տարածաշրջանում առկա կոնֆիգուրացիան»,-եզրափակեց Արցախի նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում