Դատավորը ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը

Դատավորը ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել, Aysor.am-ին տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է գրասենյակ՝ մեկ այլ դատավորի վերամակագրելու համար։

Արման Խաչատրյանը, սակայն, առայժմ չցանկացավ բացատրել, թե ինչ հիմքով է դատավորը ինքնաբացարկ հայտնել։

Նկատենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Վարդան Գրիգորյանը 2008 թվականին մարտի 1-ի գործով ներգրավված է եղել որպես փաստաբան և, թերևս, այդ հիմքով էլ հրաժարվել է նոր իրողություններում քննել Մարտի 1-ի վերաբերյալ գործը։

Այս դատավորին քրեական գործը մակագրվել էր ապրիլի 29-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում