Դատական նիստը չհետաձգվեց Մանվել Գրիգորյանի ներկայությունը ապահովելու համար

Դատական նիստը չհետաձգվեց Մանվել Գրիգորյանի ներկայությունը ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությունը: Նախագահող դատավորն է Մնացական Մարտիրոսյանը։ Դատական նիստին ներկա է Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Մանվել Գրիգորյանը ներկա չէ վատառողջ լինելու պատճառով։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ պաշտպաններից դիմում են ստացել, որ Մ. Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, միջնորդել են հետաձգել քննարկումը։

Դատավորն ասաց, որ այս հարցը կարող են քննարկվել նաև մեղադրյալի բացակայությամբ՝ պաշտպանների մասնակցությամբ, որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը և հարցը քննարկել պաշտպանյալների մասնակցությամբ։

Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լ. Բաղդասայանն ասաց, որ Մ. Գրիգորյանի սահմանադրական իրավունքն է մասնակցել նիստին ու հայտնել դիրքորոշում։

«Անհրաժեշտության կա հրավիրել ևս մեկ դատական նիստ՝ ապահովելով մեր պաշտպանյալի ներկայությունը։ Նա կարևորում է իր ներկայությունն ու դիրքորոշում հայտնելը»,– ասաց նա։

Միջնորդությունը կրկին մերժվեց։

Մ. Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց, որպեսզի դատաքննությունն անցկացվի դռնփակ, քանի որ քրեական գործում պարբերաբար արծարծվում են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Դատավորն ասաց, որ այսօր քրեական գործի ապացույցների հետազոտմանը չեն անցնելու, այլ քննարկում են կալանավորման հիմնավոր լինել չլինելու հարցը։

Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ այս միջնորդությունը կքննարկի դատական քննության վերաբերյալ որոշում կայացնելիս։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։

Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում