Մեղադրյալ Սանասարյանը կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին

Մեղադրյալ Սանասարյանը կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Իմ և պարոն Վանեցյանի հարաբերությունները պետք է որևիցե կերպով կապ չունենան այս գործի հետ։ Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում։ Առհասարակ ես իրեն էլ կոչ կանեմ, որ ինքն այս թեմայով չխոսի»,- այս մասին հայտարարեց Պետական վերհսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Սանասարյանը։

Լրագրողները հարցրեցին՝ Սանասարյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերությունների մասին։

Բանախոսն ասաց՝ Արթուր Վանեցյանի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ։

«Առհասարակ որևիցե խնդիր չի եղել։ Այսքանը։ Բայց կոչը շատ հստակ է։ Չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, չխառնվեն, որովհետև դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»,-ասաց Սանասարյանը։

Հիշեցնենք, որ Սանասարյանն իրեն ԱԱԾ կողմից առաջադրված մեղադրանքը շինծու ու անհիմն է որակում։ Ի պատասխան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր. «Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Երբ գործը կուղարկվի դատարան, դուք բոլորդ, և առհասարակ հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այն ապացույցներին, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, բոլորը հնարավորություն կունենան գնահատել այդ ապացույցների իսկությունը»։

Ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում