Հնարավոր է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի ունենա Վաշինգտոնում

Հնարավոր է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի ունենա Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում չի բացառել, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում:

«Կա երեք համանախագահ: Մենք հանդիպում ունեցանք Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, երրորդ համանախագահը կա: Արդյոք կարող է հանդիպում տեղի ունենալ Վաշինգտոնում՝ իհարկե: Արդյոք մենք պատրաստ ենք դրան՝ իհարկե: Հաջորդ փուլը պետք է լինի, չէ՞», – ասել է Զ. Մնացականյանը:

Նրա խոսքով, երբ ԱՄՆ գործընկերները կհստակեցնեն իրենց հրավերը, այդ ժամանակ էլ վստահ եմ, որ կարող ենք խոսել, բայց չեմ ուզում ԱՄՆ մեր գործընկերների անունից ասել, որ այդ ամենը եղել է:

«ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է նախապատրաստեն, հստակեցնեն: Գիտեք, ես չեմ կարող ասել, որ այսօր երեկոյան գալիս եմ Ձեզ մոտ հյուր՝ առանց, առաջին հերթին, Ձեր կողմից՝ դրա մասին հայտարարելու», – նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում