Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան

Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը հերթական հաղթանակն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակը, որովհետև այդ աշխատանքը հնարավոր է դարձել հենց հենց այդ եռամիասնության շնորհիվ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հաղթանակի կերտմանը։ Սա նաև խորհրդանշական հաղթանակ էր, որովհետև Կոլորադո նահանգի Սենատը Արցախի անկախությունը ճանաչեց հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-ամյա տարելիցի օրը։ Կարծում եմ՝ այս փաստը ցեղասպան քաղաքականության լավագույն պատասխաններից մեկն է», – ասաց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ նման հաղթանակները շարունակական են լինելու։

«Մենք ծրագիր ունենք, որը կրկին պետք է իրականացնենք մեր եռամիասնության շնորհիվ։ Արցախը գնալով ավելի ճանաչելի է դառնում, և այդ ճանաչման գործընթացը բավական ակտիվ է ընթանում։ Հետևաբար Արցախի՝ որպես ժողովրդավար և սուվերեն երկրի, ճանաչումն այլընտրանք չունի։ Ադրբեջանը որքան էլ ցանկանա խոչընդոտել այդ գործընթացին, չի ստացվելու», – ամփոփեց արցախցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատը երեկ միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը:

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի փոխանցմամբ՝ այդ օրինագծով Կոլորադոյի սենատը նաև ճանաչել է Արցախի Հանրապետությունը և Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում