Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի

Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ որակելով այն արժեք չունեցող հայտարարություն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հայերի հորինած սուբյեկտիվ պատումների հիման վրա արված այս հայտարարությունը որևէ արժեք չունի։ Անընդունելի է ներքաղաքական նկատառումներով պատմության աղավաղումը»։

Հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն մեկ անգամ ևս կրկնել է 1915-ի տեղի ունեցածը ուսումնասիրելու համար պատմական հանձնաժողով ստեղծելու թուրքական անհիմն պնդումը։

Հայտարարության վերջում էլ նշվել է․

«Հարգանքով հիշում ենք Օսմանյան Կայսրության անկման ընթացքում զոհված մահմեդական, քրիստոնյա և հրեա, բոլոր օսմանցի ժողովուրդներին»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ուղերձում ասված էր.

«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի տարելիցը, պատվում ու հիշում նրանց, ովքեր իրենց վրա կրեցին 20-րդ դարի ամենազանգվածային բռնությունների տառապանքը։ 1915 թվականից սկսած մեկ եւ կես միլիոն հայեր տեղահանվեցին ու ենթարկվեցին ջարդի։ Նրանց մի մասն Օսմանյան կայսրության վերջին տարիներին մահացան գաղթի ճանապարհին։ Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայերին՝ սգալու համար զոհերի հիշատակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում