AM | RU
USD
EUR
RUB

Հայ-ռուսական անկեղծ զրույցի պահը

 

Քաղաքական զարգացումների շրջադարձային փուլերում, երբ ակնհայտ է լինում, որ գործող օրակարգերը սպառել են իրենց և այլևս չեն համապատասխանում երկրի ու հասարակության պահանջներին, անխուսափելիորեն առաջ է գալիս զարգացման նոր հայեցակարգեր մշակելու անհրաժեշտություն: Հայաստանում այս խնդիրը, թերևս, վաղուց էր հասունացել, բայց իրավիճակի կայունությունն ու կոմֆորտի զոնան, որում գտնվում էին իշխանությունները, անընդհատ հետաձգում, իսկ հաճախ նաև անկարևոր էին դարձնում ռեֆորմների գնալու անհրաժեշտությունը։ Մեծ հաշվով, նաև այս հանգամանքով էր պայմանավորված քաղաքական վայրիվերումների այն ընթացքը, որը տեղի ունեցավ մեր երկրում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին։ Պետական հեղաշրջման պատճառ դարձած զանգվածային բողոքների ալիքը հենց այդ՝ վաղուց հասունացած փոփոխությունների պահանջն էր, որն ուներ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի՝ լինի նա իշխանական քաղաքականության ջատագով, թե ընդդիմադիր։

Ողջ խնդիրը, սակայն, նրանում էր, որ հեղաշրջումն ինքը որևէ նոր օրակարգ հանրությանը չառաջարկեց։ Իշխանության եկավ մարդկանց մի խումբ, որը տարիներ շարունակ պայքարելով նախկին ղեկավարության դեմ, այնուամենայնիվ, չուներ գաղափարական և ծրագրային որևէ նոր մշակում։ Նրանք հայտնվեցին շատ անհարմար մի վիճակում, երբ իշխանության գալուց հետո ստիպված էին խոստովանել, որ նախկին իշխանությունների մոտեցումներն ու քաղաքականությունը ճիշտ էր և իրենք ստիպված են ընթանալ նույն ուղով։ Որևէ նոր բան չառաջարկվեց ո՛չ արտաքին, ո՛չ ներքին, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ սոցիալական քաղաքականություններում։ Պարզապես հին անունները փոխարինվեցին նորերով և վերջ։ Կոնցեպտուալ խնդիրը, որը կանգնած էր երկրի առջև, այդպես էլ մնաց չլուծված։ Ավելին՝ անգամ դրա փորձ չկատարվեց։

Այս ամենը հուշում է, որ բողոքի նոր ալիքները սարերի ետևում չեն։ Եվ երկիրն այդ շրջապտույտից հանելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ։ Ծրագրեր, որոնք պետք է լուծումներ առաջարկեն Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր այնպիսի խնդիրների համար, ինչպիսիք են անվտանգությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական ծանր իրավիճակի հաղթահարումը։ Այլ կերպ ասած՝ հիմա մտածելու և նոր մտքեր ու ծրագրեր հղանալու ժամանակն է։ Մնացած ամեն ինչը պարզապես բարդացնում է առանց այն էլ դժվար իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը։

Հեղափոխական իշխանությունների գործունեության անցած մեկ տարին հստակ ցույց է տալիս, որ նրանք ի վիճակի չեն այդպիսի գործառույթներ իրականացնել։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մինչ օրս նույնիսկ չի կարողացել ամբողջությամբ հասկանալ պետական ապարատի գործունեության տրամաբանությունը։ Հետևաբար չափազանց կարևոր այդ խնդրի լուծումը մնալու է հասարակական-քաղաքական այլ ուժերի ուսերին։ Եվ, պետք է ասել, որ այդ գործի ստարտն արդեն տրված է. երկու օր առաջ ռուսական «Независимая Газета» թերթի էջերում լույս է տեսել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ծրագրային հոդվածը, որտեղ նա հայ-ռուսական հարաբերությունների նոր ճարտարապետություն է առաջարկում։

Կասկածից վեր է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Այդ իրողությունը պայմանավորված է մի շարք հայտնի հանգամանքներով, որոնք թվարկելու անհրաժեշտություն նույնիսկ չկա։ Հայաստանի բոլոր իշխանությունները, անգամ նրանք, ովքեր հստակ արևմտամետ կողմնորոշում ունեն, շատ լավ գիտակցել և գիտակցում են այդ իրողությունը, և իրենց քաղաքականության մեջ մշտապես փորձել են էլ ավելի բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դրա արդյունքում տարիների ընթացքում ձևավորվել է այն կարկասը, որը հարիր է հայ-ռուսական հարաբերություններին։ Երկու երկրները դաշնակիցներ են, համատեղ մասնակցում են տարածաշրջանային մի շարք կառույցների ստեղծման և ամրապնդման գործին, աջակցում են միմյանց միջազգային հարթակներում և այլն։ Բայց անաչառ հայացքն այս ամենին միանգամից կբացահայտի, որ մինչ օրս կառուցվել է միայն կարկասը։ Այն ամուր է, բայց չափազանց դատարկ բովանդակության առումով։ Թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում միմյանց հանդեպ կուտակված բազում բողոքներ և դժգոհություններ կան, որոնք կարող էին նաև չլինել, եթե չլինեին դրանց առաջացման շատ սուբյեկտիվ պատճառները։

Տարիներ առաջ Ռուսաստանի բարձրաստիճան մի պաշտոնյա ինձ հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ընկալում են որպես չարաճճի երեխայի, որին շատ են սիրում և այդ սիրուց դրդված՝ ներում նրա փոքրիկ մեղքերը։ Մեր երկրին տրված այդ բնութագրումը կոնֆլիկտ առաջացրեց իմ ու նրա միջև, որի արդյունքում երկուսս նեղացած բաժանվեցինք միմյանցից։ Դա 2007 թվականն էր։ Հետագայում ռուս իշխանավորների և փորձագիտական շրջանակների մի մասի գնահատականները Հայաստանի նկատմամբ էլ ավելի կոշտացան և անգամ վիրավորական դարձան։ Նույն գործընթացները տեղի ունեցան նաև Հայաստանում։ Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ, լինելով դաշնակիցներ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամներ, հայ-ռուսական հարաբերությունները, համենայն դեպս քաղաքական էլիտաների զգալի հատվածում, արժեքային տեսանկյունից վերածվեցին զրոյի։ Կողմերը հասկանում են, որ պետք է համագործակցել, շարունակում են համատեղ ծրագրեր իրականացնել, բայց այդ ամենը, մեղմ ասած, առանց փոխադարձ վստահության, համակարնքի և մեծ հաշվով նաև ցանկության։ Գործ է, որ պետք է արվի, արվում է։

Նման իրավիճակում ամենևին էլ զարմանալի չէ, որ կողմերի քայլերում ի հայտ են եկել բազում գործոններ, որոնք անմիջական վնաս են հասցնում դաշնակիցների շահերին, հաճախ՝ կենսական։ Այդպիսիք են, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստը, կամ այն հանգամանքը, որ 2016թ. Մոսկվայի լռակյաց համաձայնությամբ, եթե չասենք՝ դրդմամբ, Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ Այդ մասին խոսելու շատ առիթներ եմ ունեցել, չեմ կարծում, որ հիմա դրա շուրջ ծավալվելու լրացուցիչ անհրաժեշտություն կա։ Հայաստանն էլ, իր հերթին, մշտապես ետ է կանգնել Ռուսաստանի համար ամենաճակատագրական պահերին դաշնակցին լիարժեք աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից՝ իր քաղաքականությունը հիմնականում կառուցելով այն սկզբունքով, որը հնարավորություն կտար հավասարակշռություն ապահովել Ռուսաստանի և Արևմուտքի գործողություններին տրված գնահատականներում։ Եվ դա զարմանալի չէ. այն փաստը, որ Հարավային Կովկասում Ռուսաստանն իր քաղաքականությունը բալանսավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստիպում է հայկական կողմին նույն կերպ վարվել նաև բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ ռուսական շահը բախվում է Արևմուտքի մոտեցումներին։

Բայց բալանս ասվածն այս դեպքում խիստ սուբյեկտիվ գնահատական է։ Որովհետև «հավասարակշռելով» իր քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանը այս տարածաշրջանում մեծ հաշվով դիսբալանս է ստեղծում իր իսկ կենսական շահերի համար։ Նույնը վերաբերվում է նաև Հայաստանի «հավասարակշռված» մոտեցումներին Ուկրաինայի, Սիրիայի և այլ հարցերում։ Այս տեսակետից հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակն աբսուրդի այն աստիճանի է հասել, որ պաշտոնական Մոսկվայի և Երևանի՝ միմյանց դեմ ուղղված քայլերը հաճախ վնասում են հենց Հայաստանի և Ռուսաստանի շահերին։ Յուրաքանչյուրն ինքն իրեն։ Պարզ է, որ այսպես շարունակվել այլևս չի կարող և կողմերի միջև անկեղծ երկխոսություն սկսելու, միմյանց հասկանալու լուրջ անհրաժեշտություն է առաջացել։ Դեսպան Մինասյանի՝ վերոնշյալ հոդվածը, կարծես, այդ զրույցը սկսելու առաջին փորձն է։

Ինչպես արդեն նշեցի, հայ-ռուսական հարաբերությունների կառուցված կարկասը բավական ամուր է։ Բայց երկու երկրների փոխգործակցությունը չի կարող սահմանափակվել միայն այդքանով։ Այդ օրակարգը շատ ավելի բովանդակալից և արդյունավետ լինելու պոտենցիալ ունի։ Ընդ որում, այն կարող է իր մեջ ներառել ինչպես երկկողմանի, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ։ Այս հարցերում կողմերի պոտենցիալը որքան մեծ, նույնքան և անտեսված է, ցավոք։ Հետևաբար պետք է աշխատել։ Աշխատել բոլոր ուղղություններով և իրական արդյունքների հասնելու անկեղծ ցանկությամբ։ Աշխատել առանց խաբելու, միմյանց հանդեպ դիվիդենտներ շահելու մղումի և հանուն փոխադարձ շահի։ Իսկ դա հնարավոր կլինի անել միայն այն բանից հետո, երբ անկեղծ զրույցում Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունները կարողանան բաց տեքստով ֆիքսել նախկին սխալները, ասել իրենց սպասելիքները, փոխադարձ զիջումների սահմաններն ու իրար օգտակար լինելու բոլոր հնարավորությունները։

Եղե՞լ է արդյոք նման փորձ Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների կողմից։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ոչ։ Կա՞ արդյոք նման մեկնարկի անհրաժեշտություն։ Վստահ եմ՝ այո։ Հետևաբար դա կարող է դառնալ գաղափարական և ծրագրային այն դրույթը, որն ի վիճակի է դուրս բերել Հայաստանը ստեղծված ստագնացիայից և նոր զարկ տալ երկրի զարգացմանը։ Ըստ այդմ, ես ինքս նույնպես կփորձեմ ներգրավվել դեսպան Մինասյանի կողմից առաջարկված թեմայի քննարկմանը և փոքրիկ հոդվածաշարով ներկայացնել հայ-ռուսական գործակցության այն ուղղությունները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքիր և շահավետ լինել դաշնակից երկու երկրների համար։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan