Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա

Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Թուրքիայի հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի մերձակա քաղաքում ենթարկվել է ագրեսիվ ամբոխի հարձակմանը։

Եվրանյուզի հաղորդմամբ, քաղաքական գործիչը գնացել էր Չուբուկ գավառ՝ մասնակցելու թուրք զինվորականի հուղարկավորությանը, որը սպանվել էր քուրդ գրոհայինների հետ բախումների ժամանակ։ Սգո միջոցառումների ժամանակ մարդկանց խումբը հարձակվել է 71-ամյա Քըլըչդարօղլուի վրա, անվտանգությունը կարողացել է նրան մտցնել մոտակա տներից մեկը։

Ոտնձգությունները դրանով չեն սահմանափակվել, հավաքվածները սկսել են տան վրա քարեր նետել՝ կոչ անելով այրել այն, նաև ընդդեմ քուրդ անջատողականների և ազգայնական կարգախոսներ են հնչել, շատերը ցույց են տվել ծայրահեղ աջ «Գորշ գայլեր» շարժման ժեստը։ Պաշարված տան մոտ է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և կոչ է արել մարդկանց հանգստանալ ու ցրվել։

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել, հաստատվել է առնվազն 6 հարձակվողի ինքնություն։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դատապարտել է հարձակումը։ Թուրքիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս հանդես են եկել կատարվածի դատապարտմամբ։ Տեղեկանալով հարձակման մասին ընդդիմության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության շտաբ-բնակարանին հարակից հրապարակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում