ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են թույլատրել կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցեր

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են թույլատրել կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել:

Դրանում ասված է, որ ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում», – ասված է հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում