Ալումյան. Ռոբերտ Քոչարյանի գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է կայացնել օբյեկտիվ որոշում

Ալումյան. Ռոբերտ Քոչարյանի գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է կայացնել օբյեկտիվ որոշում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Վերաքննիչ դատարանը երեկ կայացրած որոշմամբ շատ կոպիտ կերպով խախտեց քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Նա պնդում է, դատարանին ներկայացրած փաստարկներից յուրաքաչյուրը բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն անմիջապես՝ հենց երեկ ազատ արձակվեր։

«Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք չենք կարող ակնկալել, որ դատավորը պիտի նաև հերոս լինի այս գործով։ Այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է կայացնել օբյեկտիվ որոշում։ Այսինքն, բավարար չէ, որ դատավորը լավ իրավաբան, լավ մարդ լինի։ Ստեղծված իրավիճակում, որպեսզի դատավորը կայացնի օբյեկտիվ որոշում, պետք է լինի հերոս։ Պարոն Քոչարյանը հենց այդպես էլ ասաց, չենք սպասում, որ դատավորը կարող է հերոս լինել, հետևաբար չենք ակնկալում, որ այս փուլում նա կարող է իրական արդարադատություն իրականացնել։ Իմ ասածի տողատակերը երևի լավ հասկացաք, հաշվի առնելով այն ճնշումները, որ եղել են ու կան»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը հայտնեց, որ Քոչարյանի պաշտպանական խումբը տարբեր աղբյուրներից ավելի ստույգ տեղեկություններ է ստանում, թե ում միջոցով, ինչ եղանակներով ու խողովակներով են այդ պատվերները հասնում դատավորներին։

«Կգա ժամանակը, դրանք կներկայացվեն անուն առ անուն։ Այնպես չի, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, մի օր այս ամենը բացահայտվելու է, իր օրինական լուծումն է ունենալու, զսպանակն ինչքան ուժեղ սեղմվի, մի օր ավելի մեծ ուժով հետ է բացվելու»,-նկատեց բանախոսը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ երեկ հրապարակեց որոշումն ու մերժեց պաշտպանների բողոքը։

Որոշումից հետո ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց. «Որոշումն ուղղակի ապացուցեց այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանությունների կողմից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում