ԻՀՊԶ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում. Զարիֆ

ԻՀՊԶ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում. Զարիֆ

 ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում, եւ Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա հետեւանքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հղած նամակում: 

«Այդ սադրիչ որոշումն անկառավարելիության աստիճանի կհասցնի առճակատման մակարդակի աճը, ինչպես նաեւ կմեծացնի միջադեպերի վտանգը տարածաշրջանում, որն առանց այդ էլ զգալի դժվարությունների է բախվում»,-ասված է ուղերձում:

Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը ԱՄՆ-ի եւ նրանց վրա է բարդել դրա հնարավոր հետեւանքների ամբողջ մեղքը, ովքեր պաշտպանել են այդ որոշումը: «Ակներեւ է, որ ամերիկյան ռեժիմը, հավասարապես նաեւ նրանք, ովքեր հրապարակավ կոչ էին անում ընդունել այդ որոշումը, ինչպես նաեւ այն պաշտպանող երկու-երեք խամաճիկային ռեժիմներ լիակատար պատասխանատվություն կկրեն այդ արկածախնդրության հետեւանքների համար»,-գրել է Զարիֆը:

Նա նաեւ բացատրել է Գուտերիշին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Իրանի որոշումը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը կցանկանար նաեւ պարզաբանել, որ, չնայած ահաբեկչական բնույթի բազմաթիվ գործողություններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացրել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը, այդ մարմինն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Իրանի որոշումը հիմնվում Է բացառապես փոխադարձության սկզբունքի վրա: Այդպիսով, այն չի կարող շեղում դիտվել պետությունների ինքնիշխան հավասարության հարգման նկատմամբ Իրանի մշտական սկզբունքից»,-ընդգծվում է փաստաթղթում:

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշում է ընդունել ԻՀՊԶ-ի կազմավորումները ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Ի պատասխան, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում