AM | RU
USD
EUR
RUB

Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն...

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Facebook:  ՄԱՐԴ Ե՞Ն, ԹԵ՞ ՄԱՐԴ ՉԵՆ

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող “բանավեճը”, այսպես կոչված, “սեռական փոքրամասնությունների” հանրային կյանքում կարգավիճակի մասին փորձում է այն համարել ոչ թե սեռական շեղում կամ այլասերում, այլ սոսկ “սեռական կողմնորոշումներից” մեկը, որը պետք է հավասարապես հանրային արտահայտություն, ընդունելություն և հարգանք վայելի: Միևնույն ժամանակ այն պնդում է, որ համասեռամոլ վարքագիծը ի ծնե նախասահմանված երևույթ է և, հետևաբար, ընդունելի: Այսպիսով, այն նաև միտումներ է դրսևորում, և արդեն իսկ որոշ երկրներում ընդունված է օրենքի մակարդակով մարդկային մտածողության և հանրային ընկալման մեջ վերաձևափոխելու ընտանիք հասկացողությունը և նրա սրբազնությունը՝ այն համարելով ոչ թե կնոջ և տղամարդու ամբողջական միավորում, այլ զուտ երկու անձանց միություն, խորհդաբանական բարձրագույն աստիճանից նվազեցնելով նրա արժեքը սոսկ պայմանագրային համաձայնության: Բնականաբար, այսպիսի միության կյանքում անխուսափելի են լինում նաև երեխաների ընդգրկումը և որդեգրությունը, որն ինքնին արդեն իսկ խախտում է թե՛ երեխայի իրավունքը և թե՛պատկերացումները ընտանիքի մասին:

Համասեռամոլության գաղափարական հենքը մարդկային իրավունքի տեսությունն է և դրա համար հարթակ ծառայող թաքնված “գենդերային հավասարության և ինքնության” կեղծ հումանիստական տեսությունը, որը պարզապես աղճատում է մարդկային բնությունը՝ տարանջատելով երկու էությունների՝ կենսաբանական և սոցիալական կամ զգացմունքային, այսպիսով մարդու արժանապատվության կամ պատվի վերաբերյալ հիմնական բարոյական և հոգևոր ամբողջական ըմբռնումը՝ վերածելով սոսկ իրավունքի պաստառի ներքո գոյություն ունեցող էակի գաղափարի:
Այս առումով ներքոբերյալ համառոտ վերլուծությունը կատարել ենք՝ քննելով սուրբգրային աղբյուրը, բնական օրենքի ընկալումը, հրապարակում առկա տեսություններն ու փաստարկները, ինչպես նաև Եկեղեցու վերաբերմունքը, հոգևոր ընկալումը՝ քննելով այն հովվական խնամքի տեսանկյունից:

Ա. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ

Աստվածաշնչում նույնասեռական վարքագծի մերժումը արդեն իսկ տեսնում ենք Ծննդոց գրքում (Ծննդ. 19) Սոդոմի և Գոմորի պատմության մեջ, որի կործանման պատճառը հիմնականում նույնասեռական մեղքի վարքագիծն էր և կենցաղավարությունը: Այս վկայությունը հաստատվում է նաև սուրբգրային այլ հատվածներով, որոնց մասին կխոսենք ստորև:

Փորձելով վերամեկնաբանել սուրբգրային հատվածները՝ որոշ համասեռամոլ գործիչներ շեշտում են, որ Հին Կտակարանի բարոյագիտական թելադրանքները պետք է այլ կերպ դիտարկել, քանի որ դրանց մեծ մասը վերաբերում էին ծիսական ընկալմանը և պահանջներին, ինչպես օրինակ խոզի միս չուտելը, թլփատությունը և այլն, որոնք այսօր այլևս պարտադիր չեն նկատվում:

Բնականաբար այսպիսի մոտեցումը սխալական է, քանի որ եթե նույնիսկ ծիսական պահանջներն այլևս պարտադրող չեն, այսուհանդերձ բարոյական թելադրությունները պարտադիր են: Այսինքն, թեև Աստծուն ընծայվող ծիսական արարողությունները ենթակա են փոփոխության տարբեր ժամանակների և մշակույթների մեջ և համար, բարոյական և բարոյագիտական պահանջները հավիտենական են և պարտադիր բոլոր մշակույթների համար:

Աստվածաշունչը և Սուրբ Եկեղեցու ուսմունքը աներկբայորեն մերժում են նույնասեռական հարաբերությունները՝ այն համարելով Աստվածաստեղծ մարդկային բնության խախտում:
Նոր Կտակարանում Սուրբ Պողոս առաքյալը, նկարագրելով հեթանոսների միջավայրը, նույնասեռական հարաբերությունները համարում է ամենածանր մոլություններ և անարգ կրքեր, որոնք քայքայում են մարդկային բնությունն ու մարմինը. “Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։Նոյնպես եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում եւ փոխարենը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը։ (Հռ Ա:26-27): “Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն”։ (Ա.Կորնթ. Զ:9,10):

Նույն կերպով նաև ողջ հայրաբանական միտքը ուղղակի և աներկբայորեն մերժում է նույնասեռական հարաբերությունը (Հովհան Ոսկեբերան, Գրիգոր Նյուսացի Կանոն 4, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստվածաբան Կանոն 7 )՝ համարելով նրանց ավետարանի թշնամիներ:

Այսպիսով հստակ է, որ Սուրբգրային միտքը անընդունելի է համարում նույնասեռական վարքագիծը և այն կամայական արգելք չէ, այլ, ինչպես մյուս բոլոր բարոյական թելադրանքները, հիմնված է նաև բնական օրենքի վրա:

Բ. ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

Համառոտ կերպով անդրադառնալով բնական օրենքի տեսությանը՝ ակնառու է, որ հանրային կյանքում մարդիկ ունեն հիմնական և բարոյագիտական հայացքներ և ներըմբռնում (ինտուիցիա), որ նման վարքագիծը անբնական է: Այս իմաստով, օրինակ, մարդը ներըմբռնումով ընկալում է նաև, որ իր բնական սեռական հարաբերության զուգընկերը իր նման մեկ այլ մարդ է և ոչ թե կենդանիները: Նույն մտածումը վերաբերում է նաև միասեռական հարաբերություններին, այսինքն, տղամարդու բնական կողակիցը կամ զուգընկերը կինն է և հակառակը:

Բնական օրենքը հիմքն է գրեթե բոլոր բարոյագիտական ներըմբռնումների սահմանած չափանիշների: Այսինքն, դա մարդու արժանապատվությունը և արժեքն է, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ, որով մարդկային կյանքի քայքայումը կամ նրան պատճառված ֆիզիկակական կամ զգացական վնասը և ցավը համարվում է ոչ բարոյական, որն անընդունելի է նաև բազմաթիվ այլ բարոյագիտական հարցերի դեպքում, ինչպես օրինակ՝ մարդասպանությունը, առևանգումը, խեղումը, ֆիզիկական կամ հոգեբանական շահագործումը և այլն:

Գ. “Ի ԾՆԵ” ԵՎ 10%-ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ա) Համասեռմոլ վարքագիծ ունեցող շատերը պնդում են, որ ոչ թե իրենք են ընտրել այդ կյանքը, այլ այդպես ծնվել են, հետևաբար՝ այն բնական է իրենց համար: Այսուհանդերձ, այս տեսությունը թերի է, քանի որ եթե մի երևույթ մարդը չի ընտրել, չի նշանակում որ դա ի ծնե է: Շատ կրքեր ձեռք են բերվում կամ ամրապնդվում են սովորությամբ և ոչ թե պայմանավորված են միայն գիտակցված ընտրությամբ: Օրինակ՝ ոչ ոք չի ընտրում հարբեցող դառնալ, բայց հարբեցող է դառնում սովորության պատճառով: Հետևաբար, ճիշտ այնպես ինչպես որևէ մեկը կարող է հարբեցողության կիրք ձեռք բերել հետևողականորեն թունավորելով ինքն իրեն և ոչ գիտակցված ընտրությամբ, նույնպես և անձը կարող է նույնասեռական կրքեր ձեռք բերել ներգրավված լինելով և տուրք տալով համասեռամոլ վարքագծի և պատկերացումների՝ առանց գիտակցված ընտրություն կատարելով: Եթե նույնիսկ գենետիկ նախասահմանում գոյություն ունի համասեռամոլության առումով (որում ուսումնասիրությունները բախվում են և, հետևաբար, ոչ համոզիչ են), այդպիսի վարքագիծը, այդուհանդերձ, անբնական է, որովհետև այն մարդկային բնական էության մաս չի կազմում և, հետևաբար, համասեռամոլական վարքագիծը չի դարձնում ընդունելի, այնպես ինչպես ընդունելի չեն այլ անընդունելի վարքագծերը՝ սոսկ այն պատճառով, որ միգուցե դրանք ևս գենետիկ նախասահմանում ունեն: Ինչպես օրինակ՝ գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ալկոհոլիզմը կամ թմրամոլությունը կարող են ժառանգական լինել, բայց ոչ ոք չի թելադրում, որ մարդը պետք է իրացնի այս ի ծնե կարիքները՝ դառնալով ալկոհոլիկ կամ թմրամոլ, որոնք ընդունելի վարքագծեր չեն:

բ) Համասեռամոլ գործիչները փորձում են նաև արդարացնել այսպիսի վարքագիծը, շեշտելով, որ բնակչության 10%-ն ընդհանրապես համասեռամոլ է՝ այսինքն սա համընդհանուր և ընդունելի երևույթ և վարքագիծ է: Սակայն ոչ բոլոր համընդհանուր վարքագծերն են ընդունելի, և եթե նույնիսկ հասարակության 10%-ը համասեռամոլ է ծնված, սա ոչինչ չի նշանակում, քանի որ բնակչության 100% -ը ծնված է զանազան մեղքերով կամ ադամական մեղքով և, բնականաբար, դրանից բխող տարատեսակ կրքերով, և այդ իմաստով գործադրումը չի կարող արդարացված լինել:

Այսուհանդերձ, քննելով վերոբերյալ պնդումը, պարզվում է որ այդ տեսության աղբյուրը և հեղինակը Հոգեբան Ալֆրեդ Կինսին է՝ 1948թ.-ին հեղինակած “Տղամարդու Սեռական Վարքագիծը” գործով: Սակայն այս ուսումնասիրությունը խորապես անբավարար և սխալական է նկատվել սեռական հարաբերությունները ուսումնասիրող բազմաթիվ հոգեբանների կողմից: Կինսին իր ուսումնասիրությունը կատարել է դատապարտյալների շրջանում, ըստ որի՝ դատապարտյալ 5300-ից 1400-ը (26%) եղել են դատապարտված սեռական հանցագործներ, որը որպես խումբ չի կարող ներկայացնել բնական սեռական հարաբերությունների ճշգրիտ վիճակագրությունը: Դեռ ավելին, այդ 10% -ի մեջ ընդգրկված են եղել նաև նրանք, ովքեր որոշ ժամանակ այս կամ այն կերպ ներգրավված են եղել կամ համասեռամոլական վարք են դրսևորել և ապա դադարեցրել: (Կինսիի քննադատության համար տես “Kinsey, Sex, and Fraud”, by Dr. Judith Reisman and Edward Eichel Lafayette, Louisiana: Lochinvar & Huntington House, 1990).

Դ. ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Նրանք, ովքեր ընդդիմանում են համասեռամոլական վարքագծին շատ հաճախ մեղադրվում են “հոմոֆոբ” լինելու մեջ, ըստ որի՝ նրանք այսպիսի դիրքորոշում ունեն համասեռամոլներից վախի պատճառով: Երբեմն այսպիսի մեղադրանքը հնչեցնում են հենց համասեռամոլ վարքագիծ ունեցողները այլ համասեռամոլների նկատմամբ՝ այս կերպով փորձելով կա՛մ ապահովագրել իրենց կա՛մ թաքցնել իրենց վարքագիծը՝ դատապարտելով մյուսներին: Բնականաբար, այսպիսի մոտեցումը արգելափակում է բանական երկխոսությունը կամ քննարկումը հարցի գաղափարական եզրաշերտով և այն տեղափոխում է անձնական տիրույթ: Այսպիսով՝ միանգամից փորձ է արվում չեզոքացնել հարցի վերաբերյալ իրական կամ ենթադրյալ փաստարկները, և քննարկվում է մարդու անձնային հատկանիշը: Այս պարագային անձնային հատկանիշը համարվում է վախը կամ “հոմոֆոբիան”: Այս կերպ շեղվելով հարցի գաղափարական քննարկումից՝ “հոմոֆոբ” լինելու փաստարկն ամբողջությամբ իմաստազրկում է այն: Նույնիսկ եթե որևէ մեկը վախ ունի համասեռամոլներից, դա երբեք չի նվազեցնում իր փաստարկների վավերականությունը նրանց վարքագծի հանդեպ: Ինչպես օրինակ, եթե որևէ մեկը վախենում է զենքից, ապա երբեք էլ նրա փաստարկները զենքի կամ զենքի վերահսկողության նկատմամբ առ ոչինչ չի կարող համարվել:

Այսպիսի, մեղադրանքը ինքնին սխալական է: Համասեռամոլական վարքագիծը դատապարտողների մեծամասնության անհամաձայնությունը երբեք էլ անձի հետ կապված վախը չէ, քանզի որևէ մեկը կարող է անհամաձայն գտնվել առանց վախենալու և, հետևաբար, “հոմոֆոբ” լինելու մեղադրանքը բանավեճը գաղափարական դիրքորոշումից շեղում է դեպի անձնական դաշտ՝ ոչ թե քննելով գաղափարը, այլ մեղադրելով այն անձին, ով փորձում է այս հարցում բարոյական դիրքորոշում ցուցաբերել:

Ե. ՀՈԳԵՎՈՐ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՎ ՀՈՎՎԱԿԱՆ ԽՆԱՄՔ

Յուրաքանչյուր անձ կոչված է ընդունելու Աստվածային որդեգրության պարգևը, որը մեծապես հիմնված է Աստծո շնորհի խորհրդի վրա՝ մերժելով մեղքը, որը խախտումն է աստվածային և բնական օրենքի:

Հարկ է նշել, որ ըստ հոգևոր ընկալման, կիրքը, ներառյալ համասեռամոլությունը, ինքնին մեղք չէ մինչև չվերածվի գործողության, քանի որ մարդը ենթակա է բազմաթիվ մեղսալից կրքերի, որոնց վրա շատ քիչ վերահսկողություն է կարողանում սահմանել, որոնք, սակայն, չեն դառնում մեղք, մինչև նրանք չեն վերածվում գործողությունների՝ երբեմն մարմնավորելով կրքերը և երբեմն էլ քաջալերելով դրանք: Այսուհանդերձ, նրանք, ովքեր համասեռամոլ հակումներ ունեն, չեն կարող արհամարվել, քանի որ արդեն իսկ այդ հակումը փորձություն է նրանց համար: Հետևաբար, Եկեղեցին չի զրկում նրանց իր հովվական հոգևոր խնամքից, այլ արմատական խնդիրն այն է, որ Եկեղեցին ոչ թե մերժում է մարդուն, այլ նրա վարքագիծը, և իր հոգևոր միջավայրում ոչ թե ընդունում է նրան այնպիսին ինչպիսին է, այլ նրա փոփոխվելու ցանկությունը:

Եկեղեցին, համասեռամոլական հակումներ ունեցող անձանց իր հովվական խնամքից չզրկելով հանդերձ, միանշանակորեն ընդդիմանում է ընդունել այսպիսի վարքագիծը որպես “ընդունված կարգ”, որի համար էլ դատապարտում է այսպիսի վարքագծի քարոզչությունը: Առանց մերժելու որևէ մեկի կյանքի իրավունքը և հարգելով յուրաքանչյուր անձի պատիվն ու արժանապատվությունը մասնակցելու հանրային կյանքին, Եկեղեցին դատապարտում է բոլոր նրանց, ովքեր քարոզում և տարածում են համասեռամոլ վարքագիծը և, հետևաբար, մերժում է նրանց ներգրավվածությունը հանրային կյանքի պատասխանատու պաշտոններում և հաստատություններում:
Գաղտնիք չէ, որ համասեռամոլությունը ոչ միայն անհատական դրսևորում է, այլ սպառնում է նաև, և հատկապես, ընտանիքի գաղափարին և արժեհամակարգին ընդհանրապես:

Հոգևոր և բարոյական ընկալմամբ՝ Աստվածային նախասահմանումով հաստատված ամուսնական միությունը տղամարդու և կնոջ միջև չի կարող համեմատվել կամ համարժեք համարվել սեռականության մասին այլասերված մտածողությանը, դրսևորած վարքագծային արտահայտությանը կամ ձևակերպումներին: Ըստ այսմ՝ համասեռամոլությունը կամ համասեռամոլական կիրքը, ինչպես մյուս կրքերը, որոնք տառապանք են պատճառում անկում ապրած մարդուն, մարդկային բնության խեղումն է մեղքի պատճառով, որը կարող է հաղթահարվել հոգևոր իմաստով՝ առաջնորդելով ապաքինման՝ աղոթքով, պահեցողությամբ, ապաշխարությամբ, Աստվածաշնչի և հայրերի գրությունների ընթերցանությամբ և սերտողությամբ՝ ներգրավված լինելով հավատացյալների միջավայրում, ովքեր պատրաստ են հոգևոր աջակցություն ցուցաբերելու.� “Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի։ Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել” (Ա.Կորնթ. Ժ:12,13):

Բագրատ Եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ 

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan